Հրայր Թովմասյանը՝ Խորհրդի նախագահ
Սեպտեմբերի 19-22-ը Բելառուսի մայրաքաղաք Մինսկում տեղի ունեցած ԱՊՀ անդամ պետությունների արդարադատության նախարարների խորհրդի հերթական 7-րդ նստաշրջանի աշխատանքների ավարտին որոշվել է 2013թ-ին 8-րդ հերթական նիստն անցկացնել Հայաստանի Հանրապետությունում, իսկ ԱՊՀ արդարադատության նախարարների խորհրդի նախագահ է ընտրվել ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:
Նիստի ընթացքում քննարկվել են ոլորտին վերաբերող տարբեր հարցեր, ամփոփվել են համագործակցության շրջանակներում կատարված աշխատանքներն ու նախանշվել հետագա ծրագրերը:
Նիստի շրջանակներում տեղի է ունեցել նաև Հայաստանի և Բելառուսի արդարադատության նախարարների երկկողմ հանդիպումը, որի ընթացքում նախարարները քննարկել են իրենց երկրներում իրականացվող փոփոխություններին առնչվող հարցեր: Հայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության արդարադատության նախարարները ստորագրել են համաձայնագիր՝ «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության և Բելառուսի Հանրապետության արդարադատության նախարարության միջև դատական փորձաքննության բնագավառում համագործակցության մասին»:
ԱՊՀ անդամ պետությունների արդարադատության նախարարների խորհրդի հերթական 7-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցում էին Հայաստանի հանրապետության արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, նախարարի տեղակալ Արամ Օրբելյանը, ինչպես նաև Բելառուսի, Ռուսաստանի Դաշնության և Տաջիկստանի արդարադատության նախարարությունների ներկայացուցիչները:
Այս մասին հայտնում է ԱՆ մամլո ծառայությունը։