Համոզում են, որ «ՎՏԲ-ն բնախեղդ է» (տեսանյութ)
Բնապահպան ակտիվիստները պահանջում են «Գլոբալ էկոլոգիական հիմնադրամից» չհամագործակցել ռուսաստանյան ՎՏԲ բանկի հետ, որը վարկեր է տրամադրում Թեղուտում պղնձամոլիբդենային հանքի շահագործման ծրագիրն իրականացնող ACP (Armenian Cooper Programme) ընկերությանը։ Այսօր մի քանի տասնյակ բնապահպաններն իրենց բողոքի ձայնն էին բարձրացնում ՎՏԲ բանկի դիմաց։
«Մենք ուզում ենք Գլոբալ Էկոլոգիական հիմնադրամին ներկայացնել, որ իրականում ՎՏԲ բանկը բնապահպանության հետ որևէ առնչություն ունենալ չի կարող, և իր վարքով և հեղինակությամբ արդեն ապացուցել է այդ։ Թեկուզ միայն հայաստանյան օրինակը բավարար է»,- ասաց ակցիայի մասնակիցներից Աննա Շահնազարյանը։
Բնապահպանները համոզված են, որ համագործակցելով ԳԷՀ-ի հետ՝ ՎՏԲ բանկը երկակի խաղ է խաղում։ Այսինքն՝ մի կողմից ֆինանսավորում է Թեղուտում իրականացվող հանքաարդյունաբերությունը, մյուս կողմից բանկը փորձելու է կեղծ տպավորություն ստեղծել, թե ինքը էկոլոգիական նշանակության ծրագրեր է ֆինանսավորում։
«ՎՏԲ-ին պարզապես ասում ենք, որ մենք պայքարելու ենք, որ ինքը Գլոբալ էկոլոգիական հիմնադրամից ֆինանսավորում չի ստանալու»,- ասաց Աննա Շահնազարյանը։ Տասնյակ բնապահպաններ բանկի դիմաց պարզել էին պաստաղներ «Բնախեղդ ՎՏԲ», «Թեղուտ, թողե՛ք շնչենք», «Մտածեք առողջ ապագայի մասին», «Թեղուտը հանք չի դառնա» և այլ բովանդակությամբ։
«Մենք ուզում ենք իրենց ուշադրությունը սևեռել նրա վրա, որ մենք ուզում ենք խոսել իրենց հետ։ ՎՏԲ-ն մեր նամակներին երբեք չի պանասխանել, չեն իջնում անգամ, երբ գալիս ենք և այսպես հրապարակային փորձում ենք իրենց հետ կոնտակտի մեջ մտնել»,- ասաց բնապահպան Մարիամ Սուխուդյանը։
Բնապահպան ակտիվիստները պաստառներով և տարբեր վանկարկումներով շարժվեցին դեպի «Արմենիա Մարիոտ» հյուրանոց, որտեղ առավոտյան մեկնարկել է «Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի» երկրների ընդլայնված հանդիպումը:
Հյուրանոցի առջև բնապահպաններին միացավ նաև ԳԷՀ-ի հանդիպման ժամանակ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ. Թեղուտի պաշտպանության խմբի անդամ Հասմիկ Էվոյանը։
Նա ասաց, որ ԳԷՀ-ի ներկայացուցիչները դեռևս տեղյակ չեն, որ բնապահպանները բաղոքի ակցիա են անցկացնում։
Հասմիկ Էվոյանը նշեց, որ հանդիպման ժամանակ հարց և պատասխանի միջոցով նրանց տեղյակ կպահեն ակցիայի մասին։