Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վարչապետ. «Մեր պարտքն ենք համարում»

Պաշտոնական
d9645df14a5051c34ed8f02f13f1d3a6

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) հայաստանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար Քերըն Հիլըրդին: Կառավարության ղեկավարը կարևորել է երկկողմ համագործակցությունը և բարիդրացիական հարաբերությունները գործակալության հետ և արձանագրել. «Մեր պարտքն ենք համարում ջանքեր գործադրել, որպեսզի այդ հարաբերություններն ընդլայնվեն և խորանան, քանի որ դա բխում է մեր ժողովրդի շահերից»:

Վարչապետ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ ՄԶԳ-ին՝ Հայաստանին ցուցաբերվող աջակցության համար:

Տիգրան Սարգսյանը նշել է, որ Հայաստանի իշխանությունների կարևորագույն խնդիրներից է միջին խավի ձևավորումը, քաղաքացիական հասարակության կայացումը: Գործադիրի ղեկավարի խոսքով՝ քաղաքացիական հասարակության հիմքը միջին խավն է, մարդիկ, ովքեր իրենց տնտեսական գործունեությամբ են պայմանավորում իրենց ապագան և բարեկեցությունը:

Վարչապետը կոչ է արել Քերըն Հիլըրդիին ԱՄՆ ՄԶԳ բոլոր ծրագրերն ուղղել այս նպատակին, առարկականորեն նպաստել նաև փոքր և միջին բիզնեսի զարգացմանը:

ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակի ղեկավարը բարձր է գնահատել կառավարության ղեկավարի դիտարկումները և հավաստիացրել, որ իրենց ծրագրերը միտված են հենց այդ նպատակներին: Քերըն Հիլըրդին վստահություն է հայտնել, որ երկկողմ համագործակցությունը կշարունակի զարգանալ արդյունավետորեն:

Վերջինս նշել է նաև, որ իրենց ուշադրության կենտրոնում է լինելու մրցունակության աճին, ժողովրդավարական հաստատությունների ամրապնդմանը, քաղաքացիական հասարակության զարգացմանը, պետական կառավարման արդյունավետության բարձրացմանը, առողջապահական ոլորտի և սոցիալական ծառայությունների որակի բարելավմանը միտված ծրագրերի իրագործումը: