«Քաղաքացիական շարժումներն անգործության հետևանք են»
Կան՞ արդյոք Հայաստանում քաղաքացիական շարժումներ, և որոնք են դրանց զարգացման միտումները։ «Կովկաս» ինստիտուտում այսօր այս հարցը բանավեճի գլխավոր թեման էր։ Հետխորհրդային երկրների հետ համեմատելիս Հայաստանում քաղաքացիական շարժումները բավականին ավտիվ են։ Այսպես է կարծում «Կովկաս» ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը։ Սակայն քաղաքացիական շարժումները գրեթե ամբողջությամբ կենտրոնացած են Երևանում, որը քաղաքագետի կարծիքով բացասական երևույթ է.
«Այն կազմակերպություններն ու մարդիկ, ովքեր ակտիվություն են դրսևորում, դրանք կենտրոնացած են Երևանում։ Դրանցից միայն մի քանիսն են գործում Գյումրիում և Վանաձորում, և վերջ»,- ասաց քաղաքագետը։
Ի տարբերություն քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի՝ բլոգեր Տիգրան Քոչարյանի համար Հայաստանում քաղաքացիական հասարակության առկայությունը պարզապես միֆ է։ Նրա կարծիքով դեռ շատ վաղ է ասել, թե Հայաստանում ձևավորված քաղաքացիական հասարակություն կա։ «Քաղաքացիական հասարակությունը պարզապես մոդայիկ է դարձել։ Հայաստանում կա մարդկանց մի խումբ, ովքեր ներկա են քաղաքացիական բոլոր շարժումներին։ Այդ մարդիկ մասնակցում են և՛ բնապահպանական շարժումներին, և՛ օտարալեզու դպրոցների դեմ, և՛ բանակին առնչվող շարժումներին»,- ասաց բլոգերը։
Անտրոպոլոգ Գայանե Շագոյանն ասում է՝ քաղաքացիական շարժումները հակադրվում են քաղաքական շարժումներին, սակայն դրանք ուղղված են քաղաքականության վրա ազդելուն։ Քաղաքացիական շարժումների առաջացման գլխավոր պատճառն, ըստ անտրոպոլոգի, այն է, որ պետական ինստիտուտները չեն կարողանում իրականացնել իրենց վրա դրված պարտականությունները։
«Եթե օրինակ մեր արդարադատության համակարգը աշխատեր, ապա ինչպես «Վահե Ավետյան», այնպես էլ տարբեր այլ քաղաքացիական շարժումները կզրկվեին անհրաժեշտությունից»,- ասաց Գայանե Շագոյանը։ Նրա կարծիքով սա վկայում է, այն մասին, որ Հայաստանում պետական գերատեսչությունները կամ լավ չեն գործում, կամ ընդհանրապես չեն գործում։