Գալուստը IPad-ով է հաճախում մանկապարտեզ
Աջափնյակ համայնքի թիվ 156 մանկապարտեզ են հաճախում տարբեր պաշտոնյաների երեխաներ, մասնավորապես ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի թոռը՝ Գալուստ Սահակյանը: ՙԱ1+՚-ի տեղեկություններով, 4 ամյա փոքրիկին թույլատրվում է մանկապարտեզ բերել ոչ միայն տարաբնույթ թանկարժեք խաղալիքներ, այլեւ բավականին շքեղ ավտոմեքենա, որը երեխան մանկապարտեզի բակում վարում է: Բացի այդ փոքրիկ Գալուստն իր հետ բերում է նաեւ IPad:
ՙԱմեն երեկո երեխաները տուն գալուց հետո լացում են, թե մենք էլ ենք ուզում Գալուստի ավտոյից՚,-պատմում են այս մանկապարտեզի սաների ծնողներն ու ավելացնում, որ իրենք նման շքեղություն իրենց թույլ տալու հնարավորություն չունեն:
Ընտանիքից ու մանկապարտեզից է սկսվում առողջ հասարակության ձեւավորումը: Եթե ընտանիքում դրվում են դաստիարակության հիմքերը, ապա մանկապարտեզը շարունակական սոցիալականացման այն օղակն է, որը ձեւավորում է արժեհամակարգ։ ՙԱ1+՚-ի հետ զրույցում ասում է հոգեբանական գիտությունների թեկնածու Մանե Հակոբյանը:
ՙԵթե մանկապարտեզը թույլ է տալիս երեխային բերել սեփական իրերը, ինչքանո՞վ է դա հիգիենայի տեսակետից ճիշտ, երկորդ, եթե մանկապարտեզում ճիշտ եւ գրագետ հոգեբանամանկավարաժական մթնոլորտ է, եւ դաստիարակները ու հոգեբանը զգում են, որ մի հեծանիվի կամ խաղալիք մեքենայի պատճառով շատ երեխաներ տանում են սթրես, պետք է արգելեն: Մանկապարտեզի խումբը հասարակական բջիջ է, որտեղ երեխաները օգտվում են նույն խաղալիքներից, միասին ճաշում են, քնում են, բայց հիմա այնպես է ստացվել, որ տարբեր մանկապարտեզներում նույնիսկ ուտելիքն է դառնում նախանձի առարկա, մեկի մայրը պոմիդոր դրել է, մյուսինը չի դրել: Գրագետ մանկապարտեզներում պետք է խուսափեն նման իրավիճակներից: Դա երեխաների հոգեկան առողջությունն է վտանգում՚,-ասում է հոգեբան Մանե Հակոբյանը:
Նկատենք, որ փոքրիկ Գալուստի պապը՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, որպես նախկին մանկավարժ ՙոչ դրական է՚ գնահատում երեւույթը, երբ երեխան թանկարժեք խաղալիք է բերում մանկապարտեզ: ՙԵթե ինչ-որ իր է, որ բոլորը կարող են օգտագործել, ես որեւէ խնդիր չեմ տեսնում, բայց ինչ-որ տարբերակում մտցնել, ընդգծել տվյալ երեխայի առավելությունները, բնականաբար, հակադաստիարակչական է: Վերաբերմունքի տեսակետից պետք է խտրականություն չլինի՚,-ասաց Գալուստ Սահակյանը:
Մանկապարտեզի վարիչը՝ Սեդա Բաբկենովնան, Գալուստ Սահակյանի հարսն է՝ Արման Սահակյանի կինը:
Ծնողները նաեւ բողոքում են, որ մանկապարտեզի վերանորոգման համար անհրաժեշտ գումարը մանկապարտեզի ղեկավարությունը հավաքում է երեխաներից՝ 10-ից մինչեւ 25 000 ական դրամներ:
Մեկ այլ ` Հարավ-արեւմտյան թաղամասի թիվ 78 մանկապարտեզում խմբերն են բավականին մեծ։
ՙ1 դայակը եւ 1 դաստիարակը չեն հասցնում միաժամանակ հետեւել բոլոր երեխաներին, անհնար է, որ 50 հոգի միաժամանակ քնից արթնանանա եւ նրանց նկատմամբ անհրաժեշտ խնամք տարվի՚,- պատմում են այս մանկապարտեզի ծնողները:
Չնայած մանկապարտեզները անվճար են Երեւանում, սակայն այստեղ էլ հավաքում են գումար տարբեր խմբակների մասնակցության համար. ՙ3 տարեկան երեխան շատ բառեր դեռ հայերեն չգիտի, իբր անգլերեն, ռուսերեն են պարապում, եւ այդ պարապմունքների, ամեն խմբակի համար մենք պետք է վճարենք 1000-ական դրամ գումար: Եթե չենք վճարում եւ երեխաները չեն մասնակցում պարապմունքներին, անտարբերության մատնված, անտեսված` նստում են մի անկյունում՚ :
ՙՕրենքի խախտում այստեղ չկա, խմբակներն ըստ ցանկության են, իսկ քաղաքապետի հրահանգով խմբակային պարախմունքների վարձը չի կարող գերազանցել 1000 դրամը՚,-ՙԱ1+՚-ի հետ զրույցում նկատում է Նորք-Մարաշի թիվ 121 մանկապարտեզի տնօրեն Կարմեն Հովհաննիսյանը:
Նրա մանկապարտեզում իրականացվում է կապիտալ վերանորոգում քաղաքապետարանի հատկացրած միջոցներով եւ մոտ օրերս շահագործման կհանձնվի բոլորովին նոր որակի եւ չափանիշների մանկապարտեզ: Այս դեպքում, ըստ տնօրենի, ոչ մի գումար չի հավաքվում ծնողներից: