Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Իսկ քաղաքացիները մնում են կանգառներում

Հասարակություն
023b286b342920974588925246948271

Երևանում մայիսի 31 - ից մինչև այսօր կազմակերպվել է ավտոբուսային և միկրոավտոբուսային երթուղիների 21 մրցույթ, որի արդյունքում դադարեցվել են մոտ 330 , հիմնականում՝ «Ռաֆ» և «Երազ» մակնիշի միկրոավտոբուսների սպասարկումը:

«Մնացել է ընդամենը 55 «Ռաֆ» և «Երազ» մակնիշի մեքենաներ։ Մյուսները դուրս են մնացել երթուղիներից և չեն սպասարկելու բնակչությանը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը։

Այսօր ավտոբուսային երթուղիների մրցույթի առաջին օրն է, որը ըստ նախնական տվյալների կավարտվի նոյեմբերին։

«Սակայն, քանի որ ոչ բավար տեսք ունեցող ավտոբուսների համար կհայտարարվեն լրացուցիչ մրցույթներ՝ ամբողջ երթուղային ցանցի վերջնական ավարտը կարող է փոփոխվել», - ասաց Հենրիկ Նավասարդյանը։

Նրա հավաստմամբ՝ առաջիկայում չի մնա գեթ մեկ միկրոավտոբուսային երթուղի, որը նախատեսված կլինի ավտոբուսի համար. « Մոտակա 5- 6 ամիսների ընթացքում Կորեայից կներկրվեն 160 ավտոբուսներ»։

Նավասարդյանի խոսքով մրցույթներից հետո կլինի 68 ավտոբուսային և 76 միկրոավտոբուսային երթուղի. «Միկրոավտոբուսային երթուղիներում ընդգրկված կլինի 1560 միկրոավտոբուս, ամեն - օր երթուղի դուրս կգան 1200 - ը։ Ավտոբուսային պարկը ամբողջությամբ համալրելու դեպքում կունենանք 935 ավտոբուս, որից օրական երթուղի դուրս կգան 700-720 - ը ավտոբուս»։

Չնայած Նավասարդյանի հավաստիացումներին, թե նոր ցանցի անցկացումից հետո ավտոբուսների ժամանման ինտերվալը սահմանվել է 10-12 րոպե, իսկ միկրոավտոբուսներինը 5-7 րոպե, երթուղայիններից օգտվող քաղաքացիները բոլորովին այլ կարծիք ունեն։

Օլյա Քեչաջյանը երթուղիների հետ կապված ոչ - մի բարեփոխում չի նկատում. նա տրանսպորտի սպասում է 20 րոպեից ոչ պակաս . « Շատ դժգոհ ենք տրանսպորտներից։ Առավոտյան ժամերին դասի կամ գործի շատ անհարմար է։ Մեքենաները ահավոր են և վարորդներն էլ ահավոր են վարում»։

Անահիտ Բադիկյանն էլ հավելում է. «Շատ խառն են գալիս։ Ոչ կանգառ կա, ոչ կանգնելու տեղ։ Իրար հրելով նստում են։ Հատակ ժամ չկա, կարող է կանգնես իրար հետևից գան մեկել չլինեն»։