«Ապագա սերունդներն անիծելու են մեզ» (տեսանյութ)
2014թ-ին Հայաստանում աշխատող քաղաքացիները կտարբերակվեն ըստ ծննդյան տարեթվի՝ 1974 թվականից հետո եւ դրանից առաջ ծնվածներ։ 2014թ հունվարի 1-ից ներկայիս կենսաթոշակային բաշխողական համակարգը լրացվելու է պարտադիր և կամավոր կուտակային բաղադրիչներով։ Պարտադիր կուտակային վճարումներ պետք են անեն 1974թ հետո ծնված վարձու աշխատողները։ Վարձու աշխատանք է համարվում նաեւ գործադիր եւ օրենդիր մարմիններում գործունեությունը։
«Լսել եմ մի փոքր, ինչ որ բարելավումներ կան, բայց չգիտեմ ճիշտ է, թե սուտ է։ Սրանց ասածներին չենք հավատում, մինչև որ մեր աչքերով չտեսնենք»,- ասում է տարեց մի քաղաքացի։ «Ինչ էլ որ փոփոխվի, իրենց օգտին է լինելու։ Պատճառը թոշակառուներն են, բայց իրենց բյուջեն են լցնելու»,- շարունակում է մեկ ուրիշը։
Կենսաթոշակային բարեփոխումներին ընդառաջ 2013թ. հունվարի 1-ից գործելու է մեկ ընդհանուր եկամտահարկ։ Այսինքն՝ ներկայիս եկամտահարկի և պարտադիր սոցիալական ապահովության վճարի փոխարեն շարքային աշխատողը կվճարի իր աշխատավարձի 24,4 %-ը, եթե նրա աշխատավարձը 120,000 դրամից ցածր է։
Եթե աշխատողը ստանում է 120 հազար դրամից բարձր աշխատավարձ, ապա վճարելու է 29 280 դրամ՝ գումարած 120 հազար դրամը գերազանցող գումարի 26 %-ը ։ Սրան գումարվելու է նաև պարտադիր կուտակային վճարը, որը կազմում է աշխատողի եկամտի 10%-ը։ Դրա 5%-ը վճարելու է աշխատողը, իսկ մյուս կեսը վճարվելու է պետական բյուջեից։
Ավելի մատչելի լեզվով՝ 150000 դրամ աշխատավարձից 2014թ հունվարի մեկից գանձվելու է 44 580 դրամ հարկ, ներառյալ եկամտային հարկը եւ պարտադիր կուտակային վարձը։
«Դա շատ ծանր է նստում։ Որովհետև հիմա մարդը այնքան աշխատավարձ չի ստանում, որ այդքան կուտակի»,- ասաց քաղաքացիներից մեկը։
Կենսթոշակային բարփոխումներին դեմ են ընդդիմադիր քաղաքական ուժերը։
«Այն, ինչ արվել է կենսաթոշակային բարեփոխումների անվան տակ, մեր ապագա սերունդները անիծելու են մեզ, եթե մենք այսօր չկանգնեցնենք դա»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը։
Բարեփոխումների արդյունքում մինչեւ թոշակի անցնելը՝ անձի պարտադիր կուտակային միջոցները տնօրինվելու են կենսաթոշակային ֆոնդի կառավարչի կողմից։ Կենսաթոշակային համակարգի այս մասնավորեցումն է ստիպում ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանին պայքարել Կենսաթոշակային բարեփոխումների դեմ։
«Այս միջոցները, որը մասնավոր սեկտորն է վերցնելու իր ձեռքը և դրսում ներդրումներ է անելու, Կառավարությունը որևէ մասնակցություն չի ունենալու այս պրոցեսում։ Ինչպես ցույց է տալիս եվրոպական շուկաների վիճակը հատկապես ճգնաժամային ժամանակահատվածում, կորում են բոլոր նմանատիպ ֆոնդերի գումարները»,- ասաց պատգամավորը։
Սա ընդամենը մեկն է այն խնդիրներից, որն, ըստ պատգամավորի՝ կարող է առաջացնել բազմաստիճան կենսաթոշակային համակարգը։ ՀՅԴ-ն այս հարցի իր լուծումն ունի։ «Մենք առաջարկում ենք այսօրվա կենսաթոշակային բարեփոխումներն իրականացնել պետության ուղիղ և անմիջական մասնակցությամբ։ Եվ այդ ֆոնդերը պետք է կառավարվեն հենց պետության կողմից, ոչ թե մասնավոր սեկտորի»,- ասաց պատգամավորը։