Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ես գող չեմ, ես գնորդ եմ»

Հասարակություն
c05c587d491ba0959e872ec2ea6f7013

ՀՀ ազգային և ԵՊՀ գրադարաններից առանձնապես խոշոր չափերի գողությունների գործով այսօր ցուցմունքներ տվեց գործով գլխավոր ամբաստանյալ, Վրաստանի քաղաքացի Վաժա Ազարիաշվիլին: Նա հայտարարեց, որ առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչում: «Ես գող չեմ, ես գնորդ եմ»,- ասաց նա՝ հավելելով՝ «մեղավոր եմ, որ գնել եմ»: Նա հաստատեց, որ իր երկրում գրքերի հափշտակության գործ է քննվել, սակայն ինքն այդ գործով չի դատապարտվել:

Ամբաստանյալը հայտարարեց, որ Երևանի պետական համալսարանի Սարգիս և Մարի Իզմիրյանների անվան գիտական գրադարանի հնատիպ, հազվագյուտ և արվեստի գրականության բաժնի վարիչ Հասմիկ Դուրգարյանից գնել է 17 գիրք՝ 6000 դոլարով: Գրքերը սնկային հիվանդություն ունեցող գրքեր էին, պարզապես ինքը մասնագետ է, բուժելուց հետո պետք է վաճառեր: Առհասարակ, ըստ նրա, բոլորը Ռուսաստանում, Վրաստանում, Ուկրաինայում գիտեն, թե ինչ վիճակում են Հայաստանի գրադարաններում պահվող գրքերը: Եվս 9000 դոլար Հ. Դուրգարյանին տվել է ի պահ՝ գումարը նախատեսված էր իր համար տուն գնելու համար:

Վ. Ազարիաշվիլին հայտարարեց, որ ոստիկանության բաժին բերման ենթարկվելու պահից իր նկատմամբ բռնություններ են եղել՝ իրենից ցանկալի ցուցմունքներ ստանալու համար, բռնությունները մինչև հիմա շարունակվում են: Այս մասին տեղյակ են Հայաստանում Վրաստանի դեսպանատանը և մտադիր են նամակ հղել իր նկատմամբ ճնշումների վերաբերյալ:

Ի պատասխան գործով նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանի ճշտող հարցերի, նա նշեց, որ իր պաշտպանին խնդրում էր, որ իր կողքից չհեռանա, որովհետև հենց հեռանում էր «շատ ուժեղ ծեծում էին»: Հարվածներ էին տեղում գլխին ու ոտնաթաթերի տակ:

Բռնություններով ամբաստանյալը պայմանավորեց իր դատաքննական ու նախաքննական ցուցմունքների միջև առկա հակասությունները:

«ՓԱՍՏԻՆՖՈ»