Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պատրաստվում են «Էրեբունի-Երևան» -ին

Հասարակություն
f6e67bf18d85b879ea87252e5e368752

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, շնորհակալություն է հայտնել բոլոր այն կազմակերպություններին, գերատեսչություններին և կառույցներին, որոնք ակտիվ մասնակցություն են ունեցել անցյալ շաբաթ կայացած համաքաղաքային շաբաթօրյակին: Հանձնարարվել է նաև մշտական հսկողություն իրականացնել աղբի կուտակման խրոնիկ վայրերը վերացնելու ուղղությամբ:

Քաղաքապետին զեկուցվել է, որ հոկտեմբերի 14-ի «Էրեբունի-Երևան» տոնակատարությանն ընդառաջ շարունակվում են միջոցառումների կազմակերպման աշխատանքները: Էրեբունի արգելոց- թանգարանում և Հանրապետության հրապարակում նախատեսվող համերգային ծրագրերից բացի, տոնն առավել զանգվածային դարձնելու նպատակով, մայրաքաղաքում տեղադրվելու են նաև 26 այլ բեմահարթակներ:

Տոնին ընդառաջ ընթացքի մեջ են մայրաքաղաքի արտաքին տեսքի ձևավորման աշխատանքները: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է ձեռնարկել համապատասխան միջոցները՝ հոկտեմբերի 14-ին հասարակական տրանսպորտի և մետրոպոլիտենի աշխատանքը մինչև ուշ երեկո ապահովելու ուղղությամբ:

Տոնակատարության շրջանակում մայրաքաղաքում կտեղադրվեն քաղաքաշինական և գեղարվեստական խորհուրդների կողմից հավանության արժանացած քանդակագործներ Թերեզա Միրզոևայի և Աշոտ Հարությունյանի հեղինակած արձանները:

Սահմանված ժամանակացույցի համաձայն մայրաքաղաքում շարունակվում են ասֆալտապատման, փոսալցման, փոսանորոգման և ճաքալցման աշխատանքները: Քաղաքապետը հանձնարարել է խստորեն հետևել հատկապես կատարվող աշխատանքների որակին:

Արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետը զեկուցել է, որ ամբողջությամբ ավարտվել է մայրաքաղաքի տարածքում առկա հին և ոչ պիտանի գովազդների ապամոնտաժման աշխատանքները: Առանձին դեպքերում դրանք թարմացվել են:

Բնապահպանության վարչության պետը զեկուցել է, որ շարունակվում են Ծիծեռնակաբերդի հուշահամալիրին հարակից կանաչ տարածքների, Նորքի և Դալմայի այգիների ոռոգման աշխատանքները:
Զեկուցվել է նաև, որ իրականացվել է չորացած և վնասված մի շարք ծառերի սանիտարական էտում, զուգահեռաբար գույքագրվել են անկման ենթակա ծառերը` դրանք նորերով փոխարինելու համար: Քաղաքապետը հանձնարարել է նախապատրաստական աշխատանքներ տանել աշնանային ծառատունկի կազմակերպման նպատակով:

Անդրադառնալով թեժ գծերի հեռախոսահամարների աշխատանքին և բնակչության կողմից դրանց ստացվող ահազանգերի արձագանքման ընթացքին` վերահսկողության վարչության պետը զեկուցել է, որ վարչական բոլոր շրջաններն ու քաղաքապետարանի ենթակայության համապատասխան կառույցներն ապահովված են թեժ գծերի հեռախոսհամարներով:

Ասիական զարգացման բանկի ծրագրերով իրականացվող աշխատանքների ընթացքի վերաբերյալ զեկուցվել է, որ Երևանում երկու ճանապարհային հատվածների` մասնավորապես Երևանի տրանսպորտային համակարգի բարեփոխմանն ուղղված Արգավանդ տրանսպորտային հանգույցից Շիրակի փողոց և Արշակունյաց-Շիրակ փողոցներից Արտաշատի խճուղի ուղղություններով կառուցվելիք նոր ճանապարհների կառուցման հետ կապված, ստորագրվել է նախագծման պայմանագիր և մեկնարկել են վերջնական նախագծերի կազմման աշխատանքները:

Հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչությունը։