Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ննջասենյակը վարձով է տվել եւ հարկ չի վճարել

Հասարակություն
422b715419864f5f25d7f08bfa9f32c8

Քաղաքացի Էմին Ղոչիկյանն իրեն պատկանող շինություններն ապօրինաբար օգտագործել է իբրև հանրակացարան: Ամիսներ շարունակ նա վարձակալության է տվել Երևանի Դավիթ Մալյան փողոցում գտնվող 2 շինությունների 25 ննջասենյակները` չվճարելով հարկեր:Այդ պարզվել է ՊԵԿ հետաքննիչների և օպերատիվ հետախույզների համատեղ ջանքերով։

Հայտնաբերվել է նաև, որ հարկման դաշտից դուրս է գործել «Էրզրում-97» ՍՊԸ-ն` Արշակունյաց փողոցում զբաղվելով ավտոպահեստամասերի մանրածախ վաճառքով և ավտոտեխսպասարկմամբ` ամբողջովին չներկայացնելով հարկվող շրջանառությունը: Ավելին, ընկերության տնօրենը գրեթե մեկ տարի Կոտայքի մարզի Առինջ գյուղում գործող «Գալակտիկա» ռեստորանահյուրանոցային համալիրում ապօրինաբար զբաղվել է նաև հանրային սննդի և հյուրանոցային տնտեսության գործունեությամբ, որի վերաբերյալ ոչ մի հաշվետվություն չի ներկայացրել հարկային տեսչություն:

Առանց պետական գրանցման և հարկային մարմնում հաշվառման հանրային ծառայություն է մատուցել նաև քաղաքացի Կարեն Ղարիբյանը: Արագածոտնի մարզի Եղիպատրուշ գյուղի հարևանությամբ գտնվող տարածքում Ղարիբյանն իրականացրել է հանգստի գոտու, հանրային սննդի կազմակերպում, մատուցել նաև այլ ծառայություններ:

Սնանկ ճանաչվելը չի խանգարել «Յուրշին» ընկերությանը շարունակել ընդերքի օգտագործումը Արմավիրի մարզի Բաղրամյան գյուղում, բայց արդեն անօրինական ճանապարհով: 3 ամիս առաջ դատարանի կայացրած վճիռն անտեսելով` ՍՊԸ-ն շարունակել է ընդերքից սև տուֆ հանելու, մշակելու և իրացնելու գործունեությունը: Սակայն կարճ ժամանակում հաջողվել է բացահայտել պետության ընդերքի պաշարներն ապօրինաբար օգտագործողին: