Ցույց ընդդեմ ֆիլմի ցուցադրության
Այսօր Երևանում նախատեսվում էր ցուցադրել միասեռականների իրավունքների մասին պատմող սերբական «Պարադա» ֆիլմը։ Ցուցադրումը կազմակերպվել է ԵՄ երևանյան պատվիրակության և Գերմանիայի դեսպանատան նախաձեռնությամբ։ «Հայազն» միությունն այսօր դեսպանատան մոտ էր՝ պահանջում էր դադարեցնել ֆիլմի ցուցադրությունը։
«Մենք մեր բողոքն ենք ներկայացնում։ Եկել ենք այստեղ, որպեսզի հանդիպենք դեսպանատան որևէ ներկայացուցչի հետ, բայց որքան էլ ցավալի է, բոլորը փախել են դեսպանատնից ու որևէ աշխատակից չկա ներսում»,- ասում է «Հայազն» միության անդամ Արմեն Մկրտչյանը։
Ցուցարարներին ամենաշատը վրդովեցրել է այն հանգամանքը, որ ֆիլմը նախատեսվում էր ցուցադրել Տիկնիկային թատրոնում։ «Այս ֆիլմի բոլոր ցուցադրումները շատ հետաքրքիր պատահականությամբ ամբողջ աշխարհում կազմակերպվել են մանուկների հետ կապված միջավայրերում»,- ասում է Արմեն Մկրտչյանը։
Ակցիայի մասնակից Կարեն Թումանյանը կարծում է, որ նման ֆիլմերն արատավորում են հասարակությունը։ «Մի անգամ ցուցադրելը դեռ չափանիշ չի։ Կարևորն այն է, որ ցուցադրելուց հասկանան, որ սա չպետք է հետագայում կրկնվի»,- ասում է Կարեն Թումանյանը։
Ակցիայի մասնակիցները համոզված են, որ եթե այսօր չպայքարեն այս ֆիլմի հետագա ցուցադրումները կանխելու դեմ, ապա շուտով ֆիլմը կցուցադրվի դպրոցներում և մանկապարտեզներում։ «Շատ հնարավոր է, որ եվրոպական շատ երկրների պես մեր դպրոցներում «Սեռական դաստիարակություն» առարկայի մեջ մտցնեն են նաև համասեռամոլների իրավունքների պաշտպանությունը»,- ասում է Արմեն Մկրտչյանը։
Նշենք, որ հաշվի առնելով նման զարգացումը՝ կազմակերպիչներն այսօր հետաձգեցին ֆիլմի ցուցադրումը, սակայն այն նախատեսվում է ցուցադրել հոկտերմերի 10-ին, 15-ին և 16-ին։