Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թայլանդը հրաժարվեց. Կանցկացվի Երեւանում

Հասարակություն
4a8ff2de83c2a2f3e7e80a481ca3b9c7

ԱԻԲԱ բռնցքամարտի երիտասարդների 2012թ. աշխարհի առաջնությունը կանցկացվի Երևանում:

Ի սկզբանե նախատեսված էր առաջնությունն անցկացնել Թայլանդում: Թայլանդը, սակայն, հրաժարվեց իր երկրում առաջնությունն անցկացնելու գաղափարից:

Բռնցքամարտի Միջազգային Ասոցիացիայի` ԱԻԲԱ-ի առաջարկ-հայտարարությանն արձագանքեց Հայաստանը` ի դեմս ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանի և Հայաստանի Բռնցքամարտի Ֆեդերացիայի նախագահ Արման Մուրադյանի: Այսպիսով, նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 8-ն ընկած ժամանակահատվածում Երևանը կհյուրընկալի առաջնության մասնակիցներին: Պատվիրակությունները Երևան կժամանեն նոյեմբերի 25-ից մինչև 27-ը: Նոյեմբերի 28-ին տեղի կունենա բացման հանդիսավոր արարողությունը, իսկ բուն մրցումներն արդեն կմեկնարկեն նոյեմբերի 29-ին եվ կտևեն մինչև դեկտեմբերի 7-ը: Դեկտեմբերի 8-ը պատվիրակությունների մեկնման օրն է:

ԱԻԲԱ բռնցքամարտի երիտասարդների աշխարհի առաջնությունն անցկացվում է երկու տարին մեկ անգամ, որի մասնակիցները 17-18 տարեկան երիտասարդ բռնցքամարտիկներն են` 10 քաշային կարգերում: Քաշային դասակարգումը հետևյալն է` 46-49կգ, 52կգ, 56կգ, 60կգ, 64կգ, 69կգ, 75կգ, 81կգ, 91կգ, +91կգ:

ԱԻԲԱ-ն Երևանում անցկացվող առաջնությանը մեծ մասնակցություն է ակնկալում, քանի որ երիտասարդների աշխարհի առաջնությունը համարվում է ամենահեռանկարային առաջնություններից մեկը: Այս պահի դրությամբ հայտ ներկայացրած երկրների թիվը 16-ն է: Սպասվում է, որ այս սպորտային մեծ իրադարձության շրջանակներում Հայաստան ժամանող հյուրերի թիվը կհասնի 1000-ի` մարզիկներ, մարզիչներ, թիմերի ղեկավարներ, ԱԻԲԱ պաշտոնյաներ, մրցավարներ, լրագրողներ:

Այս մասին հայտնում է ՀԲՖ մամուլի ծառայությունը։