Վտանգավոր փուչիկներ լիցքավորելու համար՝ մեկ տարի (տեսանյութ)
Մայիսի 4-ի ՀՀԿ նախընտրական զանգվածային միջոցառման ընթացքում գազալիցքավորված փուչիկների պայթյունի գործով դատավարությունը մոտենում է ավարտին։
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանում մեղադրող Հակոբ Մարտիրոսյանը պահանջեց գործով միակ ամբաստանյալին՝ փուչիկները լիցքավորած անձը Սերոբ Բոզոյանին դատապարտել մեկ տարվա ազատազրկման՝ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի երկրորդ մասով / անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, ինչն անզգուշությամբ վնաս է պատճառել երկու կամ ավելի անձանց առողջությանը/։
Սերոբ Բոզոյանի պաշտպան Կարեն Մանուչարյանը դատարանից երկու օր ժամանակ խնդրեց պաշտպանական ճառը պատրաստելու համար։
Դատարանը, սակայն, նրան ավելի երկար ժամանակ տվեց՝ դատական հաջորդ նիստը նշանակելով հոկտեմբերի 17-ին։
Այսօր դատարան ներկայացել էին 228 տուժողներից 36-ը. 17 վկաներից՝ 4-ը։