Աղավնաձորցիները փակել են ճանապարհը
Վաղ առավոտից Վայոց ձորի Աղավնաձոր համայնքի ավելի քան 200 բնակիչ մեքենաներով փակել են հանրապետական ճանապարհը։
Բողոքի ակցիայի պատճառը մեկն է` գինեգործական ընկերությունները հրաժարվում են մթերել ավելի քան 2000 տոննա խաղողը, որն օր օրի փչանում է:
Աղավնաձոր համայնքի բնակիչ Պողոս Խաչատրյանը մեզ հետ զրույցում նշեց, որ մարզի իշխանություններն անմիջապես եկել են բողոքի ակցիայի վայր եւ փորձել բացել ճանապարհահատվածը:
Սեպտեմբերի 7-ին, երբ Սերժ Սարգսյանը եկել էր մարզ, խոստացել էր,որ մթերումը նորմալ կկազմակերպվի եւ այդ նպատակով հանձնարարականներ էր տվել:
Բայց. «Մարդիկ հավաքվել, խաղողը տարել են գործարան, սակայն այստեղ ինչ-որ պատճառաներ են բասել ու չեն վերցրել խաղողը: Սկզբում ասում էին, թե խաղողի քաղցրության տոկոսը 22 տոկոսից ցածր է։ Իսկ իրականում կշեռքի մոտից ուղղակի հետ են տալիս խաղողը՝ ասելով, թե չենք ուզում»,- պատմեց համայնքի բնակիչ Պողոս Խաչատրյանը:
Նրա ասելով` հիմնական բողոքը «Վեդի Ալկո» ընկերությունից է, որը խոստացել էր, սակայն հիմա հրաժարվում է մթերումից:
Իսկ Աղավնաձորի համայնքապետ Աշոտ Գալստյանն էլ «Ա1+»-ին հայտնեց, որ այս պահին իրավիճակը ծանր է ու մարզային ղեկավարության խնդրանքով կես ժամով համաձայնվել են բացել հանրապաետական ճանապարհը:
«Անկառավարելի ամբոխ է, ու ես ոչինչ անել չեմ կարող: Բոլոր ատյանները տեղյակ են, պարզապես փորձում են մի քանի գինեգործով ամբողջ համայնքին իրենց կամքը թելադրել»,- վստահեցրեց նա` ավելացնելով, որ անցած տարի 1 կգ-ն ընկերությունները մթերում էին 230 դրամով. «Իսկ այս տարի գինը չեն պահում, ու Սերժ Սարգսյանի առաջադրանքը չեն կատարում»:
Աղավնաձորի համայնքապետի նշեց, որ իրենց միակ ապրուստը խաղողագործությունն է, իսկ խաղողի արենի սորտը միայն իրենց գյուղում է լինում. «Դա էլ հիմա սարքել են աղբի գին, որակի վրա խաղացնում են, ժողովորդն էլ ամբողջ տարին չարչարվել է, չեն մթերում»:
Խնդրի լուծման համար այս պահին Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը ժամանել է բողոքի ակցիայի վայր: