Թիկնապահները ծեծի՞ են ենթարկել
Գյումրիի «ԳԱԼԱ» հեռուստաընկերության տեղեկություններով երեկ`հոկտեմբերի 11-ի առավոտյան, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի թիկնազորի 7 հոգանոց կազմը ծեծի է ենթարկել Գյումրիի բնակիչներ Արթուրին եւ Ռուբենին:
Ըստ ականատեսների` նրանց ծեծել են տղաներից մեկի բակում՝ ընտանիքի անդամների`կնոջ, երեք դուստրերի, ինչպես նաեւ հարեւանների աչքի առաջ:
Դեպքը ծագել է այն պատճառով, որ Արթուրին, ով համարվում է Բալասանյանների ընտանիքին պատկանող օբյեկտներից մեկի նախկին աշխատակիցը, հեռացրել են աշխատանքից, ինչի պատճառով էլ ծագել է վեճը: Արթուրը երկար ժամանակ զբաղվել է սպորտով, հետո որոշակի ժամանակով աշխատել է Անուշարանում՝ որպես անվտանգության աշխատակից: Նրան աշխատանքից հեռացրել են առանց բացատրության, ինչի հետեւանքով էլ ծագել է վիճաբանություն:
Շիրակի մարզի դատախազ Դավիթ Սարգսյանը ասել է, որ ինքը նման տեղեկություն չունի եւ մինչեւ այսօր դատախազությունը նման հաղորդագրություն չի ստացել:
Բայց «ԳԱԼԱ»-ի տեղեկություններով` այսօր արդեն Շիրակի մարզի քննչական բաժնի աշխատակիցները փորձել են հարցաքննել՝ ծեծի ենթարկված Արթուրի եւ Ռուբենի հարազատներին: