Հայաստան – Իտալիա` 4:19 (տեսանյութ)
Հայաստանի ֆուտբոլի հավաքականը այսօր «Հրազդան» մարզադաշտում կհյուրընկալի Եվրոպայի ներկայիս փոխչեմպիոն Իտալիայի ընտրանուն: Դա կլինի մեր ընտրանու երրորդ խաղը 2014 թ ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում:
Հիշեցնենք, որ առաջին տուրում Հայաստանի հավաքականը Մալթայում հաղթել է այդ երկրի ազգային թիմին ` 1:0, իսկ երկրորդում նույն հաշվով պարտվել է Բուլղարիայի ընտրանուն, նույնպես հյուրընկալվելիս:
Հայաստանի եւ Իտալիայի ազգային թիմերը առաջին անգամ են պարզելու հարաբերությունները կանաչ խաղադաշտում: Երկու հավաքականներն էլ մարտականորեն են տրամադրված եւ մտադիր են շարունակել իրենց անպարտելիության շարքը:
Հայաստանը ընտրական մրցաշարերում սեփական դաշտում պարտություն չի կրել վերջին 4 խաղերում, իսկ իտալացիները մրցակցի դաշտում չեն զիջել 19 անընդմեջ հանդիպումներում: Մերոնք վերջին անգամ անհաջողության են մատնվել 2010 թվականի սեպտեմբերի 3-ին, Իռլանդիայի հետ խաղում (0:1), իտալացիները` 2004 թ հոկտեմբերի 9-ին, Սլովենիայի հետ մրցամարտում (0:1):
Բուքմեյքերների կարծիքով անպարտելի մնալու մեծ շանսեր ունի Իտալիայի հավաքականը: Վերջինիս հաղթանակի համար նրանք սահմանել են 1,37-1,42 գործակից: Հայաստանի ընտրանու հաջողությունը տատանվում է 9,40-10,00 գործակիցների միջեւ: Երկու թիմերի անպարտելությունը, այսինքն ոչ-ոքի արդյունքը, բուքմեյքերները գնահատում են 4,6 գործակիցով: