ՀՀԿ-ականներին շենքից հանում են (տեսանյութ)
«Հայէլեկտրոմեքենա» գործարանի պրոֆիլակտորիայի շենքը, որը պարտքերի պատճառով ենթակա է վաճառքի, բնակեցված է 62 ընտանիքներով՝ նախկին աշխատակիցներով եւ ադրբեջանահայ փախստականներով։ Ի տարբերություն ադրբեջանահայ փասխստականների՝ գործարանի նախկին աշխատակիցներն այս տարածքում բնակվելու իրավունք ունեն՝ համապատասխան փաստաթղթով։
Բնակարանների դիմաց բնակիչներին ոչինչ չեն առաջարկել։
«Միանգամից ասում են՝ ձեզ հանում, շպրտում ենք դուրս։ Բայց ես այստեղից դուրս չեմ գալու։ Իմ երեխաների հետ նստելու եմ էս քարին։ Դե թող գա ինձ հանի»,- ասաց բնակիչներից Լիանա Սամսոնյանը։
Շենքի ողջ բնակիչները, ըստ նրանց. ՀՀԿ-ական են եւ իրենց հույսը դրել են Սերժ Սարգսյանի վրա։
«Նամակ եմ գրելու Սերժ Սարգսյանին, բայց ես չեմ հավատում, որ մեր ձայնը էնտեղ լսվում է։ Ինչ անում են, ներքին կարգով են անում»,- ասաց Մարետա Ղանդիլյանը։
Հինգհարկայի այս շենքի բոլոր բնակարանները 20-24 ք/մ են։ Ընդամենը մեկ հոգու համար նախատեսված այս խարխուլ և խոնավ բնակարաններում մարդիկ ապրում են ընտանիքներով։ ։
«Թեկուզ էս ձեւով ապրենք, քարը քարին դնենք ու կարողանանք տուն սարքել։ Բողոքը այն է, որ մեր տնից մեզ շան նման դուրս չհանեն»,- ասաց Պրոֆիլակտորիայի բնակիչներից Աիդա Մխիթարյանը։
Փորձեցինք զրուցել Հայէլեկտրոմեքենա գործարանի տնօրեն՝ Սեյրան Մաթևոսյանի հետ։ Սակայն գործարանի անվտանգության ծառայության պետը մեզ հայտնեց, որ տնօրենը վատառողջ է, իսկ փոխտնօրենը գործարանում չէ։