Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Խաղողագործները կրկին բողոքում են

Հասարակություն
be6f27f883ade6b0ea2ef83d74f43ed1

Վայոց ձորի մարզի Աղավնաձոր գյուղում խաղողի բերքի կեսից ավելին դեռ չի մթերվել:

«Ա1+»-ի խմբագրություն զանգահարած Անդրանիկ Բոյաջյանը ասում է, որ իրականությանը չեն համապատասխանում այն խոստումները, թե խաղողի ողջ բերքը մթերվել է։

Նրա խոսքերով` թեեւ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը հայտարարել էր, որ Պռոշյանի գինու եւ կոնյակի գործարանը մթերելու է 600 տոննա խաղող, սակայն հիմա գործարանը որեւէ մթերում չի կատարում: Նույն վիճակն է ,ըստ նրա, տիրում նաեւ Արենիի գինու գործարանում:

Գործարանը, խաղողագործի խոսքերով, մի քանի մեքենա խաղող է մթերել միայն այն ժամանակ, երբ Գյուղատնտեսության նախարարը անձամբ այցելել էր Արենիի գործարան;

Խաղողագործները ստիպված իրենց բերքը հասցնում են Հոկտեմբերյանի գործարան, իսկ այնտեղ էլ հասցնելու համար բեռնատարի ծախսը կազմում է 80.000 դրամ:

«Եղեգնաձորից մինչեւ Հոկտեմբերյան պատկերացրեք, մի ծայրից մյուս ծայրը»,- նշում է նա:

Ըստ Անդրանիկ Բոյաջյանի` թեեւ նախապես պայմանավորվածություն կար, որ Արենի խաղողը պետք է մթերվեր 230 դրամից ոչ պակաս գնով, սակայն հիմա մթերվում է 210-ից 220 դրամով, իսկ յուրաքանչյուր 5 տոննայից 150 կգ գործարանը հանում է` պատճառաբանելով, որ այն չի համապատասխանում չափանիշներին:

«Բայց չէ որ մեզ մոտ է միայն աճում իսկական արենի տեսակի խաղողը»,- հայտնեց նա:

Պարոն Բոյաջյանը նշում է, որ խաղողն է իրենց ապրուստի միակ միջոցը, իսկ այսօր չեն կարողանում մարել նույնիսկ այգու համար վերցրած պարտքերը: