Աշակերտները վարժվում են թիմային աշխատանքին
ՙՀայաստանի պատանեկան նվաճումներ՚ կազմակերպությունը Էջմիածնի քաղաքապետարանի հետ համատեղ իրականացրեց ՙԱշակերտական գործարար ընկերությունների տոնավաճառ՚ միջոցառումը, որը կազմակերպվել էր ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ իրականացվող ՙՁեռնարկատիրական և քաղաքացիական կրթությունն ավագ դպրոցի աշակերտների համար՚ ծրագրի շրջանակներում:
Էջմիածին քաղաքում տոնավաճառին մասնակցեցին և իրենց արտադրանքները սպառողներին ներկայացրեցին հանրապետության ավելի քան 30 ավագ դպրոցների լավագույն աշակերտական ընկերությունների ներկայացուցիչներ Երևանից և հանրապետության բոլոր մարզերից:
Տոնավաճառը կրթական ծրագիր է, որի շնորհիվ աշակերտները հնարավորություն են ունենում իրենց գործարար ընկերությունների արտադրանքները ներկայացնելսպառողներին և ցուցադրել այն ձեռներեցական հմտությունները և գիտելիքները, որոնք ձեռք են բերվել ուսումնառության ընթացքում:
Միջոցառման մասնակիցներին ողջույնի խոսքով հանդես եկան Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը, ՙՀայաստանի պատանեկան նվաճումներ՚ կազմակերպության գործադիր տնօրեն Արմինե Հովհաննիսյանը և ՀՀ ԿԳՆ Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն և ՙՀայաստանի պատանեկան նվաճումներ՚ կազմակերպության Տնօրենների խորհրդի անդամ Անահիտ Բախշյանը:
ՙՀայաստանի պատանեկան նվաճումներ՚ կազմակերպության կողմից իրականացվող և ԱՄՆՄԶԳ-ի կողմից հովանավորվող ՙՁեռնարկատիրական և քաղաքացիական կրթությունն ավագ դպրոցի աշակերտների համար՚ ծրագրի նպատակը աշակերտներին կայուն և հարուստ տնտեսագիտական գիտելիքներով ապահովելն է: Այն նպաստում է աշակերտների ձեռնարկատիրական և գործարար հմտությունների զարգացմանը: Ծրագիրը հատուկ ուշադրություն է դարձնում գործարարության պրակտիկ ուսուցմանը: Ծրագրի շրջանակներում աշակերտները հիմնում են գործարար ընկերություններ, կատարում են շուկայական հետազոտություն, գրում են բիզնես - պլան, թողարկում և վաճառում են ընկերության բաժնետոմսերը և կազմակերպում են ապրանքի կամ ծառայության արտադրությունը: Այդ ընթացքում աշակերտները ծանոթանում են նաև կորպորատիվ սոցիալական պատասխանատվության հիմնական սկզբունքներին: Ծրագրի շնորհիվ աշակերտները վարժվում են թիմային աշխատանքին և դառնում առավել ինքնավստահ:
Միջոցառումը նվիրված էր Էջմիածին քաղաքի 2697-րդ տարեդարձին և ՙՀայաստանի պատանեկան նվաճումներ՚ կազմակերպության գործունեության 20 - ամյակին: Տոնավաճառից գոյացած դրամական միջոցների մի մասը աշակերտները ձեռնարկատիրական և կորպորատիվ սոցիալական պատասխանատվության կրթական ծրագրի շրջանակներում ուղղելու են տարբեր բարեգործական ձեռնարկների իրականացմանը: