Արտագաղթում են հույսի հետեւից (տեսանյութ)
Յուրաքանչյուր չորեքշաբթի, ուրբաթ և կիրակի Երեւանի կայարանամերձ հատվածից մեր հայրենակիցները ուղևորվում են դեպի Ռուսաստան: Նրանցից ոմանք մեկնում են ընտանիքներով՝ անվերադարձ կամ էլ երբեւէ վերադառնալու հույսով:
55-ամյա Արաքսյա Թադևոսյանը դստեր և թոռնիկի հետ առաջին անգամ չէ, որ դուրս է գալիս հայրենիքի սահմաններից: Ուղևորվում է Սոչի` որդու մոտ, ով արդեն երկար տարիներ է ապրում է այնտեղ: Ընտրել են ավտոբուսով մեկնելու տարբերակը. «Ինքնաթիռի տոմսերի համեմատ ավելի էժան է»։
Մեր նկարահանման պահին Ռուսաստան էր ուղևորվում մոտ 30 հայաստանցի: Նրանց մեծ մասը մարզերից էին: Մեկնելու գլխավոր պատճառը աշխատանքի բացակայությունն է:
Վազգեն Մարգարյանն այն վարորդն է, ով 10 օրը մեկ ուղևորներին տեղափոխում է Կրասնոդար: Չնայած նա երկար տարիներ է, ինչ վարորդ է, սակայն հայրենակիցներին Ռուսաստան է տեղափոխում միայն վերջին մեկ տարվա ընթացքում: Իր խոսքերով՝ ավտոբուսը երբեք դատարկ չի լինում:
Մեկնողների վստահեցմամբ իրենք որևէ կապ չունեն «Համերկրացիներ» ծրագրի հետ և Ռուսաստան մեկնում են առանց որևէ մեկի օգնության:
Արդեն ավտոբուսում, ուղևորներից Ստավրոպոլ մեկնող աբովյանցի Լիդա Վանյանն հույս հայտնեց, որ գոնե Ռուսաստանում օրվա հացը վաստակելու խնդիր չի ունենա: