Ստորագրվեց «Երևանյան հռչակագիրը»
Հայաստանյան մի շարք հյուրանոցների տնօրեններ և մասնավոր հատվածի այլ ներկայացուցիչներ այսօր ստորագրեցին «Զբոսաշրջության էթիկայի համաշխարհային արժեքների նկատմամբ պարտավորությունների ստանձնում» փաստաթուղթը։
Փաստաթուղթը ստորագրվեց Էկոնոմիկայի նախարարության և ՄԱԿ-ի Զբոսաշրջության Համաշխարհային Կազմակերպության համագործակցության շրջանակներում հոկտեմբերի 18-19-ը Երևանում անցկացվող ՄԱԿ զբոսաշրջության համաշխարհային միջազգային համաժողովի շրջանակներում։
Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը նշեց, որ փաստաթղթի ստորագրումը շատ կարևոր է Հայաստանում զբոսաշրջության զարգացման համար. «Սա մի շարժում է ՄԱԿ-ի Զբոսաշրջության Համաշխարհային Կազմակերպության կողմից, որը լուրջ խթան է մոլորակում զբոսաշրջության և, մասնավորապես, պատասխանատու զբոսաշրջության համար»։
Փաստաթուղթը նպատակ ունի մասնավոր հատվածի շրջանում տարածելու և խթանելու Զբոսաշրջության էթիկայի համաշխարհային կանոնագիրքը։ Ստորագրելով փաստաթուղթը` կազմակերպությունն այսպիսով իր պատրաստակամությունն կհայտնի տեղեկացնել զբոսաշրջության էթիկայի համաշխարհային հանձնաժողովին իր կողմից իրականացված կանոնագրքի սկզբունքներին առնչվող նախաձեռնությունների վերաբերյալ:
Այսօր հրապարակվեց նաև միջմշակութային երկխոսության և մշակութային բազմազանության վերաբերյալ «Երևանյան հռչկագիրը»։
Տիգրան Դավթյանը նշեց, որ հռչակագրի ստորագրումը պատմական նշանակություն ունի Հայաստանի համար՝ ելնելով փաստաթղթի անունից։
Հռչակագիրը բաղկացած է վեց կետերից, որոնք նախատեսում են զբոսաշրջության միջոցով ամրապնդելու միջմշակութային երկխոսությունը, խրախուսելու էթիկայի արժեքների հանդեպ հարգանքը, տարածելու և կիրառելու ՄԱԿ Զբոսաշրջության էթիկայի համաշխարհային կանոնագիրքը և այլն։