Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

20-30 երեխա ծնվում է լսողական խնդիրներով

Հասարակություն
b04f74f160d046b4834f79cf6b313331

«Ձայնային աշխարհ» կազմակերպության հետ համատեղ այս տարի 7 երեխա կվիրահատվեն՝ լսողության վերականգնման համար։

«Ծրագրերը երկուսն են` խխունջային ներպատվաստման վիրահատություն, որը պետական ծրագիր է, և մյուսը` նորածինների սկրինինգի ծրագիրը»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Էրեբունի» բժշկական կենտրոնի օտորինոլարինգոլոգ, պրոֆեսոր Արթուր Շուքուրյանը:

Ըստ նրա՝, ամեն մի խխունջային իմպլանտի համար պետության կողմից տրամադրվում է 5 մլն 400 հազար դրամ:
«Գումար վճարվում է իմպլանտի համար` 20 հազար եվրո, լինում են դեպքեր, երբ վաճառում են տունը, ավտոմեքենան, որպեսզի կարողանան վճարել իմպլանտների դիմաց,-նշեց «Էրեբունի» բժշկական կենտրոնի օտորինոլարինգոլոգ, պրոֆեսոր Արթուր Շուքուրյանը,-

Մենք շուտով կառավարություն կներկայացնենք ամբողջ գումարային ցանկը, որը կներառի մինչ վիրահատության ծախսերը, վիրահատության հետ կապված և հետվիրահատական ծախսերը»։

Պարոն Շուքուրյանը, պատասխանելով «Ա1+»-ի հարցին, նշեց, որ վիրահատության համար երեխաներն ընտրվում են` անցնելով հետազոտական փուլ. «Կարևոր է նաև նախավիրահատական և հետվիրահատական պատրաստումը։ Սուրդոմանկավարժների օգնությամբ երեխաները սկսում են հասկանալ, թե ինչ են լսում: Մինչև վիրահատությունը, այս մասնագետները նույնպես նրանց ոչ միայն զննում են, այլև կատարում են նախապատրաստական աշխատանք, որը տևում է մեկից մինչև երեք ամիս, եղել է նաև մինչև վեց ամիս: Դրանից հետո, եթե որևէ հակացուցում չկա, դրանից հետո միայն որոշվում է թեկնածուն»:

«Ձայնային աշխարհ» կազմակերպության հիմնադիր նախագահ Ռոզա Ալպերտը տեղեկացրեց նաև, որ երեխաները լսողության կորուստ ունենում են նաև մինինգիտի հետևանքով:

«Մենք խոսում են 2-3 երեխաների մասին, որոնք լսողության կորուստ ունենում են մինչև 4 տարեկան հասակում, սակայն լինում են դեպքեր, երբ երեխաները կորցնում են լսողությունը ավելի մեծ հասակում»,-ասաց Ռոզա Ալպերտը:

Հայաստանում տարեկան 40 հազար ծննդից մոտ 20-30 երեխա ծնվում է լսողական խնդիրներով կամ լսողական լիարժեք կորստով: