Հարբածն ընկել է Մհեր Մկրտչյանի արձանի վրա
Անվանի դերասան Մհեր Մկրտչյանի արձանն արդեն երրորդ անգամ վնասվում է: Ինչպես նախորդ անգամ, այս անգամ էլ վնասվել է տակառիկը:
Երևանի քաղաքապետարանի լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը «Ա1+»-ին հայտնեց, որ արձանն արդեն վերականգնվել է և գտնվում է իր տեղում:
«Մոսկվա» կինոթատրոնի հարևանությամբ, Շառլ Ազնավուրի հրապարակում տեղադրված կավե արձանի հեղինակ Սուրեն Մելքոնյանը «Ա1+»-ի հետ զրույցում նշեց, որ տակառիկը արձանի ամենաթույլ ամրացված մասն է. մեկ կետով ամրացված է ոտքին, մյուս կետով ` կրծքավանդակին, դրա համար էլ վնասվում է։
Իսկ թե ինչպես է պատահել, որ տակառիկը վնասվել է, քանդակագործը միայն կասկածներ ունի:
«Դեպքը տեղի է ունեցել շաբաթ ուշ երեկոյան, ինձ մոտ բերել են կիրակի, ես արագ վերականգնել եմ այն: Քաղաքապետարանից ինձ ասել են, որ ինչ-որ հարբած մարդ է ընկել արձանի վրա, ակումբից դուրս գալուց հետո»,-ասաց քանդակագործը:
Մեր այն դիտարկմանը՝ արդյոք այս դեպքերից կարելի է ենթադրել, որ մեր քաղաքին անհրաժեշտ չեն կավե արձաններ, Սուրեն Մելքոնյանը նշեց, որ միշտ էլ ենթադրություններ կարելի է անել:
Նա նաև հավելեց, որ արձանի տեղն է շատ անհարմար, այդ պատճառով էլ վնասվում է. «Քաղաքապետարանն է ընտրել արձանի տեղը, ասում են Կինո Մոսկվայի հարևանությամբ գտնվող սրճարանը Մհեր Մկրտչյանի սիրելի վայրերից է եղել, դրա համար էլ արձանն այդտեղ է դրվել»: