Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ի՞նչն է «ստիպում» արագ վարել (տեսանյութ)

Հասարակություն
b49b6c7ad70eb8ca425c7c250557ac7a

Ինչպե՞ս է ազդում արագաչափ սարքերի առկայությունը երթեւեկության հիմնական մասնակիցների՝ վարորդների տրամադրությունների վրա։

«Նորմալ, տուգանքները մի քիչ թանկ են, իհարկե։ Մանավանդ տաքսիստների համար։ Եթե միջին աշխատավարձը 30-40 հազար ա, ինչքա՞նով է ճիշտ, ենթադրենք, 10 հազար դրամանոց տուգանքը», - «Ա1+» ի հետ զրույցում դժգոհեց վարպետ Արայիկը։

2012-ի հունվարից հանրապետության ողջ տարածքով մեկ գործարկվել են երթեւեկությունը տեսանկարահանող եւ արագաչափ սարքեր։ Ըստ նախատեսվածի՝ մինչեւ տարեվերջ միայն Երեւանում 65 արագաչափ սարք կլինի։ Հատկապես այս հանգամանքը որոշ վարորդներին դուր չի գալիս։

«Շատ վատ ա, նրանից, որ առաջին հերթին՝ էդ ցուցանակներն էնքան փոքր են, որ... Քաղաքի մեջ արագաչափ են դրել, չես էլ կարում արագություն բացես», - ասում է ծառայողական պետհամարանիշներով ներկայացուցչական դասի մեքենայի վարորդը։ Իսկ եւս մեկ տաքսու վարորդ՝ Էրիկը գերադասում է հանգիստ վարել։ Նա պատմում է, որ ոստիկանությունում զարմացել էին, երբ իմացել էին, որ «տաքսի քշողը» մեկ տարվա մեջ ընդամենը մեկ անգամ էր տուգանք վճարել։

ՃՈ Տեսանկարահանող սարքերի միջոցով խախտումների արձանագրման կենտրոնի պետ, փոխգնդապետ Արմեն Սարգսյանը «Ա1+»-ի հետ զրույցում դժվարացավ վիճակագրական տվյալներ տալ՝ թե որ խմբի մեքենաներն են ավելի շատ խախտում երթեւեկության կանոնները, կամ արդյո՞ք մեքենայի թանկությունը դրա տիրոջը ավելի հաճախ է «ստիպում» խախտել երթեւեկության կանոնները։

«Պատկերացրեք, որ տաքսու վարորդները հնարավոր է, որ ավելի շատ խախտում կատարած լինեն, քան ասենք, «թանկ համարներով» մեքենաները», - նշեց պարոն Սարգսյանը։

Ճանապարհներին արագաչափեր տեղադրելու որոշում առաջինններից մեկը ողջունած՝ Վարորդների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող «Աքիլլես» կազմակերպության նախագահ Էդուարդ Հովհաննիսյանի լավատեսությունը տաս ամիս անց փոքր-ինչ խաթարվել է։ Նա մտահոգված է, մասնավորապես, արագաչափերի առկայության մասին տեղեկացնող նշանների չափսերով ու ձեւով։

Փոխգնդապետ Սարգսյանն այս դիտարկմանը պատասխանում է՝ արագաչափերի մասին հատուկ զգուշացնող ցուցանակները երթեւեկությունը կարգավող նշաններ չեն։ Դրանք կարող էին ընդհանրապես չլինել։

«Այսինքն՝ եթե տվյալ ցուցանակը չլիներ, վարորդին ավելի արագ երթեւեկելու հնարավարությո՞ւն էր տրվելու՝ ոչ, իհարկե ոչ։ Ի՞նչ արագությամբ է երթեւեկում վարորդը, որ չի հասցնում իջեցնել արագությունը», - տարակուսում է նա։

Որպես արագաչափերի գործարկման անհերքելի առավելություն՝ ոստիկանության փոխգնդապետը բերում է վիճակագրության տվյալները։ Վերջին տաս ամիսների տվյալներով հանրապետություն է ներկրվել 16 հազար մեքենա, եւ ընդհանուր ՃՏՊ-ների քանակը ավելացել է։ Մինչդեռ միայն Երեւանում մոտ 20 տոկոսով նվազել է մահվան ելքով պատահարների թիվը։ Ներկայացված ժամանակաշրջանում 74-ով նվազել է նաեւ ՃՏՊ-ների հետեւանքով մարմնական վնասվածք ստացած մարդկանց թիվը։