Ի՞նչ է պատահել, որ չվաճառեն (տեսանյութ)
«ԱԳՆ շենքը վաճառվել է շուկայականից ավելի բարձր գնով»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը պնդեց ՀՀ Պետական գույքի կառավարման վարչության նախագահ Արման Սահակյանը։
Կառավարության որոշմամբ ԱԳՆ շենքը «Տանգո» ընկերությանն էր օտարվել 51 մլն 271 հազ. ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամով՝ տեղում հյուրանոց կառուցելու նպատակով։
Թե կոնկրետ ինչ սկզբունքով է կատարվել շենքի գնահատումը, Արման Սահակյանն այդպես էլ չնշեց։
Ըստ Արման Սահակյանի՝ որևէ օրենքով ամրագրված չէ, որ ԱԳՆ շենքը վաճառելուց առաջ պետք էր հանրային քննարկումներ անցկացնել՝ ճշտելու համար հասարակության կարծիքը. «Ձեզ թվում է, որ ցանկացած որոշում, որը ես պետք է Կառավարություն տանեմ, պետք է քննարկման առարկա դարձնե՞մ»,- պատասխանեց Արման Սահակյանը՝ ի պատասխան լրագրողի հարցի։
Նա նաև չհերքեց, որ հնարավոր է նույն սկզբունքով վաճառվեն նաև այլ պետական շենքեր. «Եթե լավ առաջարկ լինի նաև կքննարկվի այդ հարցը, ի՞նչ է պատահել որ»,-նշեց Արման Սահակյանը՝ հավելելով, որ այժմ խոսակցություններ կան նաև Տրանսպորտի և կապի նախարարության շենքը վաճառելու ուղղությամբ։
Ամփոփելով 2012 թվականի 9 ամիսների ՀՀ Պետական գույքի կառավարման վարչության ցուցանիշները՝ Արման Սահակյանը նշեց, որ պետական գույքի մասնավորեցումից մուտքերը կազմվել են 219 մլն դրամ, պետական գույքի օտարումից՝ 687 մլն դրամ, իսկ վարձակալությունից՝ 170 մլն 270 հազար դրամ։
«Լուծվել է նաև Ադրբեջանից բռնագաղթած 16 ընտանիքների զբաղեցրած հանրակացարանային տարածքների սեփականաշնորհման հարցը»,-ասաց Արման Սահակյանը։