«Ոչ թե արգելոց է, այլ՝ արգելավայր» (տեսանյութ)
ԱԺ Ժառանգություն խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն այսօր Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանից պարզաբանում պահանջեց, թե որքան է կազմում Տավուշի մարզում արդեն իսկ շահագործվող «Խաչաղբյուր 1» ՀԷԿ-ի պատճառած վնասները և արդյո՞ք դրանք փոխհատուցվել են։
Զարուհի Փոստանջյանը հիշեցրեց նաև, որ ՀԷԿ-երի շահագործման արդյունքում տեղի ձկնատեսակները՝ մասնավորապես՝ կարմրախայտը, վերացման վտանգի տակ է։
«Ժառանգության» պատգամավորին հետաքրքրում էր նաև «Խաչաղբյուր 2» ՀԷԿ-ի վերաբերյալ ստեղծված հանձնաժողովի կայացրած եզրակացության արդյունքները։
«Այդ հանձնաժողովը գնացել է Գետահովիտ համայնք և չի ուսումնասիրել ամբողջ տարածքը։ Այս մասին ինձ ահազանգեցին երեկ համայնքի բնակիչները։ Նրանք մտավախություն ունեն, որ այդ հանձնաժողովը արդարացի որոշում չի կայացնի»,- աաաց Զարուհի Փոստանջյանը։
Բնապահպանության նախարարը համաձայն չէ Զարուհի Փոստանջյանի այն տեսակետի հետ, որ «Խաչաղբյուր 1» ՀԷԿ-ը կարող է բնությանը վնաս հասցնել։
«Իսկ հանձնաժողովի աշխատանքներն արդեն ավարտական փուլում են։ Այն մեզ ներկայացնելու է առաջարկություններ, որը կարտահայտի այդ աշխատանքային խնբում ներգրավված բոլոր անդամների տեսակետը»,- ասաց Արամ Հարությունյանը։
Իսկ այդ խմբում, ըստ նախարարի, ներգրավված են ինչպես կառուցապատողը, այնպես էլ համայնքի ներկայացուցիչներն ու մարզպետարանի ներկայացուցիչները։
«Այս պահին պարզ է դարձել, որ «Խաչաղբյուր 2» ՀԷԿ-ում տեղի են ունեցել նախագծային շեղումներ, որն անթույլատրելի է։ Այս առումով անհրաժշտության դեպքում կառուցապատողին կամ նախաձեռնողին պատասխանատվության կենթարկենք»,- ասաց նախարարը։
Զարուհի Փոստանջյանը նշեց, որ ՀԷԿ-ը կառուցվում է 2 արգելոցների շրջանում, որտեղ արգելված է որևէ շինարարություն իրականացնել։ Իսկ ՀԷԿ-ի կառուցման համար հանրային լսումներ ընդհանրապես չեն եղել։ Արամ Հարությունյանը «Ժառանգության» պատգամավորին հիշեցրեց, որ ՀԷԿ-ը կառուցվում է ոչ թե արգելոցում, այլ արգելավայրում։