Նախարարը դարձել է սովորական ծառայող (տեսանյութ)
Սնանկ ճանաչված «Հայկական ավիաուղիներ» ընկերության հաշմանդամ օդաչուները և ինժիներատեխնիկական աշխատողները պահանջում են իրենց հասանելիք մոտ վեց տարվա փոխհատուցումը։
Մասնագիտության և աշխատանքի հետևանքով տարբեր աստիճանի հաշմանդամության կարգ ունեցող օդաչուներն այսօր նորից հավաքվել էին նախագահական նստավայրի դիմաց։
Ավիատեխնիկ բրիգադիր, երկրորդ կարգի հաշմանդամ Վանիկ Այդինյանը աշխատանքի ժամանակ աստիճաններից գլորվել է, ստացել գլխի վնասվածք և, ինչպես ինքն է ասում, հազիվ է ողջ մնացել։
Արդեն 6 - րդ տարին է փոխհատուցում չի ստանում. «Մենք պահանջում ենք վճարել մեր չվճարված փոխհատուցումը և դրանից հետո էլ ամեն ամիս տալ փոխհատուցումը, ինչպես առաջ էին տալիս» ։
Օդաչուները հուսով են, որ կլուծվի իրենց խնդիրը, քանի որ Սերժ Սարգսյանը խոսք է տվել, սակայն արդյունք դեռ չեն տեսնում։
«Նախագահականում գոնե ինչ - որ շարժ կա, իսկ վարչապետի մոտ 4 տարի կանգնել ենք ու վարչապետը մեր հետ ոչ -մի անգամ չխոսեց ու բանի տեղ չդրեց» ,- ասում է հաշմանդամ օդաչու Դավիթ Դավթյանը։
Օդաչուներին հավաստիացրել են, որ «Հայկական ավիաուղիներից» դեռ մնացած Սևանի ափամերձ հողատարածքները կվաճառվեն ու կտան օդաչուների փոխհատուցումը։
« Եթե մեր հարցերը չլուծվի կդիմենք Եվրոդատարան, բայց հուսով ենք հարցը դրան չի հասնի»,- նշեց Դավիթ Դավթյանը։
Ըստ օդաչուի՝ ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը ԱԺ կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ անդրադառնալով հաշմանդամ օդաչուների խմդրին, լիարժեք չի ներկայացրել իրողությունը։
Ըստ նրա՝ եթե Արծվիկ Մինասյանը լավատեղյալ լիներ նյութին՝ Արդարադատության նախարարը հակադրելու ոչինչ չէր ունենա. «Արդարադատության նախարարը, ով մինչև նախարար դառնալը հրաշք էր, հիմա չգիտեմ ինչ է դարձել ՝ սովորական ծառայող։ Երեկվա հարց ու պաասխանի ժամանակ նա «լողում» էր այնինչ պետք է պարզապես օրենքով գործել և ոչ թէ «լողալ» » ։