Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

13 տարի անց ոչինչ չի փոխվել (տեսանյութ)

Հասարակություն
d8c71dc9930506c13c9f9e0f844557cd

1999-ի հոկտեմբերի 27-ը Հայաստանի պատմության մեջ ամենաողբերգական եւ նողկալի էջերից է: Այդ օրը hայի ձեռքով գլխատվեց Հայաստանի իշխանությունը:

Զինված 5 ահաբեկիչ` Նաիրի Հունանյանի գլխավորությամբ, մինչ օրս «չպարզաբանված հեշտությամբ» ներխուժեցին խորհրդարան եւ գնդակահարեցին պետական ամենաառանցքային գործիչներին: Սպանվեց 8 հոգի' ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյանը, ԱԺ փոխնախագահներ Յուրի Բախշյանը, Ռուբեն Միրոյանը, պատգամավորներ Միքայել Քոթանյանը, Հենրիկ Աբրահամյանը, Արմենակ Արմենակյանը,պետնախարար Լեոնարդ Պետրոսյանը:

Վիրավորվեցին պատգամավորներ ու նախարարներ, ողջ մնացածները մի քանի ժամ ստիպված էին պատանդի կարգավիճակում մնալ գամված պատգամավորական աթոռներին եւ նայել արնաքամ լինող ղեկավարներին:
Պաշտոնական աղբուրները ավելի քան 5 ժամ չէին հաստատում պետության առաջին դեմքերի սպանության փաստը:Միայն երեկոյան, ժամը 22-ից հետո նախագահականից տարածվեց հաղորդագրություն' հաստատելով, որ կան զոհեր ու վիրավորներ:

Ուշ երեկոյան սպանվածների մարմինները դուրս բերվեցին խորհրդարանի շենքից: Բանակցությունները ահաբեկիչների հետ շարունակվեցին մինչեւ առավոտ: Նաիրի Հունանյանի հետ դեմառդեմ հանդիպեց Ռոբերտ Քոչարյանը, որից հետո ահաբեկիչները հանձնվեցին' ստանալով անվտանգության երաշխիքներ:

Պատանդներն ազատ արձակվեցին միայն 28 -ի առավոտյան:
Հոկտեմբերի 27-ի գործով դատավարությունը սկսվեց 2001 թ. հունվարին ու տեւեց մոտ 3 տարի: Ինչու՞ եւ ինչպե՞ս եղավ Հոկտեմբերի 27-ը. մոտ երեք տարի տեւած «27»-ի դատավարությունն այդպես էլ չտվեց հասարակությանը հուզող հարցերի պատասխանները: Ահաբեկիչները դատապարտվեցին ցմահ ազատազրկման: Նրանցից երեքը տարբեր հանգամանքներում մահացան` Նորայր Եղիազարյանը էլեկտրահարվեց, ոճրագործ եղբայրների քեռին Վռամ Գալստյանը ինքնասպան, իսկ Համլետ Ստեփանյանը հանկարծամահ եղավ: Հոկտեմբերի 27-ի գործով նախկին ամբաստանյալ, սակայն ապացույցների անբավարարության հիմքով ազատ արձակված Մուշեղ Մովսիսյանը մահացավ ավտովթարից: Դեպքի ականատեսներից մի քանիսը, որոնք շատ արագ հայտնվեցին ՀՀ-ի սահմաններից դուրս, մահացան կասկածելի հանգամանքներում:

Այսօր ոչ ոք չի հավատում, որ ահաբեկիչները գործել են միայնակ, գրեթե բոլորը՝ ներառյալ իշխանական կուսակցությունների ղեկավար անդամներ, վստահ են, որ 27-ն ունեցել է կազմակերպիչներ: բայց պաշտոնական մակարդակում վարկածը չի հաստատվում: Դեպքերից 13 տարի անց հայտնի է նույնքան, որքան 1999 թվականի հոկտեմբերի 27-ին: