Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երթին կմասնակցեն կրիաներ, ձկներ, այծեր ու թիթեռներ

Հասարակություն
1efe8c3bc1cad5037f370a6ebba34821

Վաղը՝ հոկտեմբերի 28-ին, Երևանի կենտրոնական փողոցներում «երթի» կմասնակցեն կենդանիները՝ կրիաներ ու ձկներ, այծեղջյուրներ ու լուսաններ, Բեզոարյան այծ ու սիրամարգ, ֆլամինգոներ ու Որդան կարմիր, արծիվներ ու օձեր, ոզնիներ ու թիթեռներ: Այս և ուրիշ կենդանիները բոլորին հրավիրում են Կենդանիների Շքերթ -Դիմակահանդեսի՝ ի պաշտպանություն բնության ու շրջակա միջավայրի:

Բնապահպանական այս ինքնատիպ միջոցառումն արդեն երրորդ տարին կազմակերվում է Վայրի բնության ու մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի կողմից: Հազարավոր երեխաներ այս տարիների ընթացքում թափոններից կեդանիների դիմակներ ու զգեստներ են պատրաստել՝ այդպիսով կարևորելով կենդանիների ու բնության պաշտպանության խնդիրները, ինչպես նաև՝ ներկայացրել են ոչնչացման եզրին հայտնված կենդանիներին:

Դիմակահանդես-շքերթ 2012-ին այս տարի կմասնակցեն շուրջ հազար դպրոցականներ՝ Երևանից ու Հայաստանի տարբեր մարզերից: Մասնակից 28 հանրակրթական դպրոցներից 11-ը մարզերից են՝ այդ թվում Հայաստանի հեռավոր և սահմանամերձ շրջաններից՝ Բերդավանից, Վարագավանից, Ախթալայից, Ալավերդուց, Սիսիանից:
Բոլոր մասնակիցները կներկայացնեն հատուկ այս երթի համար պատրաստված որևէ կենդանու դիմակ-զգեստ: Դրանք այն կենդանիներն են, որոնք կամ ներկայացված են միջազգային Կարմիր գրքում, կամ էլ իրենց տարածաշրջանին բնորոշ վտանգված կամ անհետացման եզրին գտնվող կենդանատեսակներ են:
Դիմակահանդես երթին-կմասնակցեն նաև 8 երաժշտական պատանեկան խմբեր, որոնք առավել ուրախ կդարձնեն երթը: Իսկ երթը կգլխավորի Գերմանիայի Բրեմեն քաղաքի Կոնֆուսաո խումբը:

Հոկտեմբեևրի 28-ի Դիմակահանդես-երթը կունենա նույնպես անսովոր մի շարունակություն. Ազատության հրապարակից հասնելով Հանրապետության հրապարակ` մասնակիցներն այստեղից իրենց բնապահպանական երթը կշարունակեն արդեն ավտոշարասյունով։

Հատուկ ավտոբուսներով մասնակից «կենդանիները» կուղեւորվեն Կենդանաբանական ագի: Նրանց կուղեկցեն նաև թափոններից պատրաստված կենդանիների քանդակները: Իսկ Կոնֆուսաո խումբը իր ուրախ երաժշտությունը  երկհարկանի ավտոբուսից կտարածի մայրաքաղաքի փողոցներով: Հասնելով Երևանի կենդանաբանաբանական այգի՝ բոլոր մասնակիցները արդեն կվայելեն Բրեմենյան երաժիշտների համերգը:


Դիմակահանդես-շքերթի մասնակիցների մեքենաներով երթը նախատեսվում է հետևյալ ուղղությամբ՝ Հանրապետության հրապարակ, Ամիրյան փողոց, Մաշտոցի պողոտա, Սայաթ-Նովա փողոց, Չարենցի փողոց, Հերացու փողոց, Մյասնիկյան պողոտա, Երևանի կենդանաբանական այգի: