Արձագանքեցին «Ա1+»-ին եւ օգնեցին
Ընդամենը մեկ շաբաթ առաջ՝ «Ա1+»-ը անդրադարձել էր Արարատ քաղաքում բնակվող Սոֆիկ Ալավերդյանի և նրա տուբերկուլյոզով տառապող երեխաների խնդիրներին։
Մեր հայրենակիցներից շատերն են արձագանքել և առաջարկել իրենց օգնությունը։
«Ա1+» զանգահարած՝ Ֆրանսիայում բնակվող Արմենակ Հարմանդայանն ասում է, որ չէր կարող անտարբեր մնալ։ Նրա մայրը մահացել էր այն օրը, երբ «Ա1+»-ը գրել էր այս ընտանիքի մասին։ Եվ նա որոշել է հոգեհացի համար ծախսվելիք գումարն ուղարկել այս ընտանիքին։
Նա իր եղբոր՝ Արա Հարմանդայանի միջոցով օգնություն ցուցաբերեց այս ընտանիքին։
Սոֆիկ Ալավերդյանը զարմացած էր, քանի որ այսքան տարիների ընթացքում երբեք օգնություն չէր ստացել,իսկ երեխաները երջանիկ, քանի որ բերված սննդամթերքի մեջ նաև շատ քաղցրավենիք կար։
«Անչափ շնորհակալ եմ բարեգործներին իրենց սրտացավ վերաբերմունքի համար»,-ասաց Սոֆիկ Ալավերդյանը։
Նշենք, որ արդեն երկրորդ անգամ «Ա1+»-ի միջոցով անապահով ընտանիքներին գումարային օգնություն է ցուցաբերում Շվեցարիայում բնակվող մի հայ,որը սակայն չի ցանկանում հրապարակել իր անունը։