Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՌեԱնիմանիային» քիչ մնաց

Հասարակություն
78c2bdbda797109fe75e20286eb2151e

«ՌեԱնիմանիա» միջազգային անիմացիոն 4-րդ փառատոնը Երևանում կմեկնարկի նոյեմբերի 3-ին: Փառատոնի բացումը կազդարարի ֆրանսիական «Նկարը» անիմացիոն ֆիլմը: Մայրաքաղաքի երկու կինոթատրոններում, «Խնկո Ապոր» գրադարանում և տարբեր այլ կենտրոններում մինչև նոյեմբերի 9-ը կցուցադրվի մոտ 400 ֆիլմ աշխարհի ավելի քան 40 երկրից:

«ՌեԱնիմանիա» փառատոնի հիմնադիր Վրեժ Քասունին այսօր միջազգային այս փառատոնին ընդառաջ ասուլիսում ասաց, որ բացի փառատոնի բացման և փակման արարողություններից, բոլոր ֆիլմերի ցուցադրությունների համար մուտքը լինելու է անվճար:

«Փակումն ու բացումը լինելու են հրավիրատոմսերով, սակայն ֆիլմերը ցուցադրվելու են 2 անգամ և բոլորը հնարավորություն ունեն տեսնելու նաև պրեմիերաները»,- ասաց Վրեժ Քասունին:

«ՌեԱնիմանիա» փառատոնի հիմնադրի խոսքերով այսօր հայկական անիմացիան բավականին լավ դիրքերում է: Միակ խնդիրն, ըստ Քասունու, այն է, որ Հայաստանը ունի արտադրանք, սակայն չունի արտադրություն, որպեսզի ֆիլմը հետ բերի ծախսված բոլոր գումարները և նոր ֆիլմ արտադրվի:

«Սակայն Հայաստանն արդեն քայլեր է անում արտադրության անցնելու գործում: Տարածաշրջանում մենք միակն ենք, որ մեր չեղած գումարներով այդպիսի արտադրանք ենք տալիս»,- ասաց Վրեժ Քասունին:

Անիմացիոն փառատոնի ընթացքում բացի ֆիլմերի ցուցադրությունից կազմակերպվում են նաև վարպետության դասընթացներ տարբեր երկրներից ժամանած անիմատորների հետ: 3 տարվա ընթացքում վարպետության դասընթացներին մասնակեցել են անիմացիայով զբաղվող 175 երիտասարդներ: Ըստ Վրեժ Քասունու` փառատոնն ու վարպետության դասընթացները նպաստում են հայկական անիմացիայի զարգացմանը: «Վարպետության դասընթացներին մասնակցած երիտասարդներն այսօր աշխատուն են իրենց գործերի վրա և մյուս տարի 100 %-ով իրենց արտադրանքը կունենան: Սա մեծ հաղթանակ է մեծ համար»,- նշեց Վրեժ Քասունին:

Փառատոնի ժուրիի կազմում են օտարերկրյա և տեղացի տարբեր անիմատորներ, որոնք մեկ շաբաթվա ընթացքում կդիտեն բոլոր ֆիլմերն ու նոյեմբերի 9-ին կհայտնեն հաղթողների անունները:

Փառատոնի այս տարվա ծրագրերն են` «Երևանյան պրեմերաներ», «Մրցութային ծրագիր», «Հայկական ներկապնակ», «Մանկական ծրագիր», «Շուրջերկրյա ճամփորդ», «Անսիի ծրագիր», «Հատուկ ցուցադրություններ» և դասախոսություններ: