Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայերը ՌԴ-ից արդարություն են պահանջում (տեսանյութ)

Հասարակություն
20ba53825c09f0dc214d1df9af3c3270

Ռուսաստանի Դաշնությունում 2012թ. ապրիլին խուլիգանության մեղադրանքով ձերբակալված, Լոռու մարզի բնակիչներ Համլետ Ալեքսանյանի և Էդգար Մարտիրոսյանի հարազատներն ու համագյուղացիներն այսօր Ռուսաստանի դեսպանատան առջև էին։ Ռուսաստանի դեսպանից պահանջում են աջակցել, որ երիտասարդներին անհապաղ ազատ արձակեն։

«Ապրիլի 5-ին տղաս և նրա 3 ընկերները դուրս են եկել, որ գնան աշխատանքի։ Ճանապարհին նրանց ոստիկանները կանգնեցրել են։ Քանի որ իրենք օրինական մարդիկ են և ոչ մի խախտում չեն արել, կանգնել են։ Միանգամից բոլորին ձերբակալել են և տարել բաժին»,- ասում է Էնգարի մայրը՝ Սիլվարդ Մանուկյանը։ Նրա խոսքերով՝ 4 ձերբակալվածներից 2-ը, ովքեր ՌԴ քաղաքացիություն ունեն, 72 ժամվա ընթացքում ազատ են արձակվել, իսկ Համլետն ու Էդգարը մնացել են անազատության մեջ։
Նրանք ՀՀ քաղաքացիներ են։ Երիտասարդների ծնողների խոսքերով՝ խուլիգանության մեջ նրանց մեղադրել են ոչ սթափ վիճակում գտնվող 3 աղջիկների ցուցմունքի հիման վրա, որոնք հետագայում անհետացել են և ընդհանրապես չեն քննվել։

Երիտասարդների ծնողները համոզված են, որ իրենց տղանրեն անմեղ են։ «Եթե երեխաները մեղավոր են, թող դատեն, բայց նրանց ձերբակալեն են անհիմն. 7 ամսվա ընթացքում մատնահետք, զենք, դանակ, դեպքի վկա՝ ոչ մի բան չի գտնվել»,- ասում է Սիլվարդ Մանուկյանը։

Ինչպես նշեց Էդգար Մարտիրոսյանի մայրը՝ գործը նույնիսկ դատարան չի մտել, քանի որ ապացույցները ոչ բավարար են։ «Երեխաներին ձերբակալել են առավոտյան ժամը 4-ին, սակայն բաժնում գրել են, որ հանցագործությունը եղել է ժամը 5-ին։ Ժամերը չեն համընկնում իրար հետ»,- ասաց Սիլվարդ Մանուկյանը։

«Ռուսաստանում տղաների փաստաբանը դիմել է բոլոր հնարավոր ատյաններին։ Դիմել ենք նաևՌԴ-ում Հայաստանի դեսպանատուն։ Դեսպանը մի քանի ամիս առաջ հանդիպել է մեզ հետ, ասում է՝ գործին ընթացք ենք տվել, բայց արդյունքները չենք տեսնում»,- ասում է Համլետի մայրը՝ Սիլվա Բաղդասարյանը։

Այսօր ձերբակալված երիտասարդների հարազատները դիմում էին պատրաստել Հայաստանում Ռուսաստանի դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյի անունով՝ խնդրելով նրան՝ աջակցել իրենց որդիներին։

Դեսպանատան աշխատակիցները դիմումը անձամբ չընդունեցին։ Համլետի և Էդգարի բարեկամներն այն գցեցին դեսպանատան առջև գտնվող նամակների արկղի մեջ։