Անրի Ռենո. Օլանդը խոսքի տերը կլինի
«Ռուսաստանից հետո Ֆրանսիան Հայաստանի խոշորագույն արտասահմանյան ներդրողն է։ Հարավային Կովկասի երկրներից Հայաստանը Ֆրանկոֆոնիայի կազմակերպության լիիրավ անդամն է՝ ի տարբերություն Վրաստանի, որն ընդամենը դիտորդ անդամի կարգավիճակ ունի։ Այս ամենը ի ցույց է դնում, թե որքանով կարեւոր են Ֆրանսիայի համար Հայաստանի հետ հարաբերություները», - Երեւանի պետական համալսարանի ուսանողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անրի Ռենոն։
Դեսպանի խոսքով՝ Հայաստանը Ֆրանսիայի համար ընկալվում է որպես քույր երկիր։ «Ավելին ակնկալել, կարծում եմ հնարավոր չէ», - նշեց նա։
Եվրոպական ինտեգրացիայի ջատագով դեսպան Ռենոն որպես ԵՄ համակարգի արդյունավետության վառ օրինակ նշեց, որ իր չափերով եւ ռեսուրսներով այնպիսի համեստ երկիր, ինչպիսին Լյուքսեմբուրգն է, համեմատության մեջ պակաս կշիռ չունի համաեւրոպական հարցերում, քան Միության առաջատարները՝ Ֆրանսիան կամ Գերմանիան։
Դեսպան Ռենոն անդրադարձավ նաեւ ֆրանսիական օրենսդրության մեջ Հայոց ցեղասպանության ժխտման համար պատիժ սահմանելու խնդրին։
Նա նշեց, որ օրենքի ընդունման անհրաժեշտությունը շեշտվել է Ֆրանսիայի նախագահության մակարդակով։ Նախագահ Օլանդի վերջին հայտարարությունից հետո որեւ՝ բան չի փոխվել, բայց որեւէ հիմք չկա կասկածելու, որ նախագահն իր խոսքի տերը կլինի։
Անդրադառենալով ԼՂ հակամարտության կարգավորման խնդրին՝ Մինսկի խմբի համանախագահ երկրի դեսպանը նշեց, որ բանակցության սեղանին դրված տարբերակը այլընտրանք չունի։
Ըստ դեսպանի՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների վերականգնումը լիովին իրատեսական է։ «Հարյուրամյակներով անլուծելի թվացող առճակատումների մեջ գտնվող Ֆրանսիան եւ Գերմանիան այսօր գործընկերության օրինակ են ծառայում», - նշեց դեսպանը։