Նորոն ո՞վ է (տեսանյութ)
Խմելու ջրից զրկված, իսկ անձրևաջրերից հոգնած այս մարդիկ Արարատ քաղաքի Տպագրիչների 5 հասցեի բնակիչներն են:
Նրանք նշում են, որ արդեն 15 տարի ջուր ունենալու համար ստիպված են կտրել մի քանի կիլոմետր ճանապարհ, տեղափոխման համար նույնիսկ հատուկ սայլակներ են պատրաստել,բայց ձմռանը միևնույնն է դժվարությունը կրկնապատկվում է:
Այս մարդիկ իրենք իրենց անվանում են Նորոյի շենքի բնակիչներ: Ոմն Նորիկ Պողոսյանը սեփականաշնորհել է այս տարածքը: Բնակիչների ասելով՝ «իրենց էլ հետը» և մոռացել նրանց գոյության մասին:
20 տարի առաջ այս մարդկանց, որոնց մի մասն Արարատ քաղաքի բնակիչներ են, իսկ մյուսներն էլ ադրբեջանահայ փախստականներ, այս տարածքը տրամադրել են որպես ժամանակավոր կացարան:
Այն սեփականաշնորհվելուց հետո բնակիչները բազմիցս դիմել են պատկան մարմիններին իրենց կարգավիճակը հստակեցնելու համար: Բնակիչների ասելով , քաղաքապետարանից պարբերաբար ասել են ,որ շենքը պատկանում է Նորոյին և բոլոր հարցերի պատասխանը միայն նա կարող է տալ:
Դեռ որքան ժամանակ 10 ընտանիք կբնակվի Նորիկ Պողոսյանին պատկանող վթարային շենքում, նրանք չգիտեն:
Սեփականատերը նրանց չի անհանգստացնում, սակայն ցանկացած պահի կարող է պահանջել ազատել տարածքը:
Անուշիկ Պողոսյանը ուսանող է, բնակվում է նույն շենքում, ինչպես ինքն է ասում անհարմար է զգում ընկերներին տուն հրավիրել.«Բնակելի տարածքը լրիվ փլուզված է, հնարավոր չի ապրել, ոչ սանհանգույց կա,ոչ մի հնարավորություն մարդավայել կերպով ապրելու համար»:
Այստեղ ապրող բոլոր ընտանքիներն էլ առողջական խնդիրներ ունեն, սակայն բժիշկի դիմելու հնարավորություն չունեն:
Այս 10 ընտանիքներից բացի շենքում վաղուց բանկություն են հաստատել տարատեսակ սողուններ:
Շենքի բնակչուհի Վարսիկ Ասատրյանը փաստեց.«Օձերը մեջը,կարիճ,մորմ, ինչ ասես որ չկա ,էս մեր հարևանի տղին օձը կծել էր»։