Փոշու արտանետումների ծավալը կազմելու է 4,04 տոննա
«Գեգամետ պլյուս» ընկերությունը մտադիր է Սեւանա լճի ափին մոտիկ, մոտ 120 հա տարածքում բաց եղանակով շահագործել Շորժայի մագնեզիումասիլիկատային ապարների և քրոմիտների հանքավայրը:
Հանքավայրի շահագործման վերաբերյալ հասարակական լսումները տեղի ունեցան հոկտեմբերի 30-ին` ՀՀ Գեղարքունիքի մարզի Շորժայի գյուղապետարանում: Նախագծի համաձայն` հանքավայրը ձգվում է Սևանա լճի ամբողջ հյուսիս-արևելյան ափով եւ գտնվում է Սևանա լճի մակարդակից մոտ 250մ բարձրության վրա: Հանքավայրը մոտ է «Սևան» ազգային պարկին:
Հանքավայրի շահագործումը տեղի է ունենալու փուլերով: Առաջին փուլը տեւելու է 50 տարի: Բացվելու է երեք հանքային տեղամաս, որոնց ընդհանուր տարածքը կազմում է մոտ 120 հա տարածք: Տարեկան արդյունահանվելու է 120.0 հազար տոննա հանքաքար: Նախագծի համաձայն` շահագործման ավարտից հետո կատարվելու է միայն բացահանքերի հատակների վերջնական հարթեցում 1.7հա մակերեսով: Հարց է մնում, թե ինչ է լինելու 120 հեկտարանոց բաց հանքերի տարածքը, որ հարթեցվելու է միայն 1,7 հա տարածքը:
Բացհանքի փոշու գումարային արտանետումների ծավալը կազմելու է տարեկան 4,04 տոննա
«...Ռադիոճառագայթային առումով հումքը բնութագրվում է նվազագույն գամմա ակտիվությամբ, ըստ բնական ռադիոնուկլիդների գումարային տեսակարար ակտիվության պատկանում է բնական շինարարական նյութերի 1-ին դասին և կարող է օգտագործվել շինարարական նյութերի արտադրության առանց սահմանափակման:
...Հանքարդյունահանման աշխատանքների ժամանակ շրջակա միջավայրին վնաս չի սպասվում: Ախտոտված օդի արտանետումներ և աղտոտված ջրերի արտահոսքեր չկան, տարածքի բուսական և կենդանական աշխարհին վնաս չի պատճառվում»,- մասնավորապես նշված է նախագծում
Հիշեցնենք, որ 2009 թվականի նախագծում այդ հանքավայրը կոչվում էր դունիտ-պերիդոտիտների հանքավայր եւ շահագործվում էր միեւնույն «Գեգամետ պլյուս» ընկերության կողմից: Ենթադրվում էր, որ պետք է արտադրվեն հրակայուն աղյուսներ: Եւ այն ժամանակ, եւ հիմա նախագծում ոչ մի խոսք չկա Սեւանա լճի վրա հանքավայրի ազդեցության մասին: 2009թ. նախագիծը դիմադրության հանդիպեց ոչ միայն հասարակայնության կողմից, այլեւ Սեւանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի կողմից, որը մերժեց նախագիծը:
«Էկոլուր»