«ՆԱՏՕ-ի շաբաթ»՝ Հայաստանում
Նոյեմբերի 1-8-ը Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի շրջանակում Հայաստանում անցկացվելու է հերթական «ՆԱՏՕ-ի շաբաթ» միջոցառումը:
Գյումրիի Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտում տեղի կունենա ուսանողների հետ հանդիպում, որի ժամանակ դասախոսություններով հանդես կգան ՀՀ ԱԳ նախարարության, Հայաստանում ԱՄՆ և ՄԹ դեսպանությունների, ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները:
Նոյեմբերի 5-6-ը, որպես ՆԱՏՕ-ի շաբաթվա հիմնական միջոցառում, "Կոնգրես" հյուրանոցում տեղի կունենա ՆԱՏՕ-ի Գործընկերության նոր քաղաքականությանը նվիրված՝
«Համագործակցային անվտանգության ամրապնդումը. ՆԱՏՕ-ի Նոր գործընկերային քաղաքականության հավելյալ ներդրումը» սեմինարը, որին մասնակցելու են ՆԱՏՕ-ի բարձրաստիճան պաշտոնյաններ, ՀՀ ԱԳ եւ ՊՆ նախարարությունների ներկայացուցիչներ, քաղաքագետներ, փորձագետներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
«ՆԱՏՕ-ի շաբաթ» միջոցառման մասնակիցները կայցելեն ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադ, իսկ ՀՀ ԱԳՆ շենքում հեռուստակամուրջներ կանցկացվեն Կոսովոյում ու Աֆղանստանում ծառայող հայ խաղաղապահների եւ նրանց ընտանիքների համար:
Նախատեսվում է նաև այցելություն ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոն:
ՆԱՏՕ-ի` որպես քաղաքական-ռազմական դաշինք, զարգացման և վերափոխման խնդիրների քննարկմանը նվիրված հեռուստատեսային կլոր սեղանի անցկացմամբ կեզրափակվի նախատեսված միջոցառումների ցանկը: