Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Աբրահամյանն առաջարկում է դեսպանություն բացել

Պաշտոնական
b8381566b9508e6251eb40c3da638e29

Հոկտեմբերի 30-ին պաշտոնական այցով Չեխիայի Հանրապետությունում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց Չեխիայի Հանրապետության Սենատի նախագահ Միլան Շտեխի հետ:

«Հայաստանը շահագրգռված է Չեխիայի հետ տարբեր ձեւաչափերով համագործակցությունը զարգացնելու հարցում, հաշվի առնելով նաեւ այն ընդհանուր նպատակները, որ մենք ունենք Արեւելյան գործընկերության շրջանակներում»,- նշել է ԱԺ նախագահը: Միջպետական հարաբերությունների խորացման առումով` Հովիկ Աբրահամյանը կարեւորեց միջխորհրդարանական հարաբերությունների զարգացումն ու ամրապնդումը:

Անդրադառնալով սաֆարովյան գործին` ԱԺ նախագահը գոհունակությամբ արձանագրեց Չեխիայի ԱԳՆ դիրքորոշումը, որը միանշանակ խիստ գնահատական էր տվել տեղի ունեցածին: Նա բարձր գնահատեց Չեխիայի Հանրապետության Սենատի արտաքին հարաբերությունների, պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի կողմից ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի գործով ընդունած դատապարտող բանաձեւը: «Կարեւորելով մեր գործընկերների կողմից արդարացի եւ առանձնահատուկ այս քայլը՝ համոզված եմ, որ մեր խորհրդարանների միջեւ համագործակցությունն այսուհետ եւս կլինի արդյունավետ եւ շարունակական»: Պարոն Աբրահամյանը նաեւ շնորհակալություն հայտնեց հանդիպմանը ներկա Սենատոր Շտետինային իր բազմամյա հայանպաստ աշխատանքի համար՝ սկսած 1988թ. ավերիչ երկրաշարժի ժամանակաշրջանից: Նա բացի Ռամիլ Սաֆարովի վերաբերյալ բանաձեւի ընդունումից, վերջերս ԵԱՀԿ ԽՎ Տիրանայում տեղի ունեցած հերթական նիստի ժամանակ սատարել է ՀՀ դիրքորոշումը, հատկապես Սաֆարովի դեպքի առնչությամբ:

Պարոն Աբրահամյանը կարեւորեց Չեխիայի դիվանագիտական ներկայացուցչության գործունեությունը Հայաստանում` առաջարկելով բացել Երեւանում Չեխիայի լիարժեք դեսպանություն, որտեղ կգործի նաեւ հյուպատոսական ծառայություն եւ Հայաստանի քաղաքացիները ստիպված չեն լինի մեկնել Վրաստան Չեխիա մուտքի արտոնագիր ստանալու համար: ԱԺ նախագահի համոզմամբ՝ դեսպանության բացումը դրական ազդեցություն կունենա նաեւ քաղաքական երկխոսության շարունակականության ապահովման, առեւտրատնտեսական համագործակցության, զբոսաշրջության եւ մարդկային շփումների ակտիվացման առումով:

Միլան Շտեխը համոզմունք հայտնեց, որ ԱԺ նախագահի պաշտոնական այցը Չեխիա նոր լիցք կհաղորդի երկկողմ համագործակցությանը: Նա կարեւորեց Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումները : Անդրադառնալով Սաֆարովի արտահանձնմանը եւ դատապարտելով այն` պարոն Շտեխը նշեց, որ Հունգարիայի քայլը միգուցե սխալի կամ անփութության հետեւանք էր, բայց Ադրբեջանի նախագահի քայլը միջազգային բոլոր չափանիշներին դեմ էր: «Անթույլատրելի է , որ մարդասպանը ազատ է արձակվում եւ հերոսի կոչում է ստանում»,-նշեց Չեխիայի Սենատի նախագահը:

Միլան Շտեխը կարեւոր համարեց Հայաստանում Չեխիայի լիարժեք դեսպանություն ունենալու Հովիկ Աբրահամյանի առաջարկը եւ համոզմունք հայտնեց, որ այն կնպաստի երկկողմ հարաբերությունների ակտիվացմանը բոլոր ուղղություններով:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին տարածաշրջանային խնդիրներ եւս: Անդրադարձ կատարվեց հայ-թուրքական հարաբերություններին, ԼՂ հիմնախնդրին, Սիրիայում ծավալվող իրադարձություններին: Հովիկ Աբրահամյանը շեշտեց, որ ղարաբաղյան հակամարտությունը պետք է լուծվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, խաղաղ բանակցությունների արդյունքում: ԱԺ նախագահը հույս հայտնեց, որ մինչեւ 2015թ.-ը Չեխիայի Հանրապետության խորհրդարանը կճանաչի Հայոց Ցեղասպանությունը:

Հովիկ Աբրահամյանը Չեխիայի Սենատի նախագահին պաշտոնական այցով հրավիրեց Հայաստան. հրավերը սիրով ընդունվեց:
Օրվա վերջում ԱԺ նախագահը հանդիպեց Չեխիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Հոկտեմբերի 31-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպումներ կունենա Չեխիայի Հանրապետության առաջին փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Կարել Շվարցենբերգի, Ներկայացուցիչների պալատի նախագահ Միրոսլավա Նեմցովայի եւ Պրահայի արքեպիսկոպոս, Բոհեմիայի թեմի առաջնորդ Գերաշնորհ Դոմինիկ Կարդինալ Դուկայի հետ: Նույն օրը ուշ երեկոյան ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը կվերադառնա Երեւան:
Այս մասին հայտնում է ԱԺ մամլո ծառայությունը։