Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ավելորդ քաշքշուկներից ազատվելու առաջարկ

Պաշտոնական
f22e55036c15b2bcf2e8d239290f5952

Վարչապետ Տիգրան Սարգսյանը «Տոսպ» ընկերություն կատարած այցի ընթացքում հանդիպել է հայրենական ապրանք արտադրող ընկերությունների ներկայացուցիչներին:

«Հայրենական ապրանք արտադրողների միության» նախագահ Վազգեն Սաֆարյանի տեղեկացմամբ՝ ընթացիկ տարվա առաջին ութ ամիսների ընթացքում հանրապետությունում արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է 700 մլրդ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրելով 13 տոկոսի աճ:

Սաֆարյանը վստահություն է հայտնել, որ տարեվերջին այն կհատի 1,1 տրիլիոն դրամի սահմանը: «Սա Կառավարության մշակած արդյունաբերական քաղաքականության հետևողական իրականացման արդյունք է»,- նկատել է միության նախագահը:

Սաֆարյանի խոսքով՝ էական աճ է արձանագրվել նաև կոնյակի արտահանման ուղղությամբ, որի ծավալն այս տարվա ինն ամիսների ընթացքում կազմել է 40 մլրդ դրամ: Աճ է արձանագրվել նաև դեղերի արտադրության և արտահանման բնագավառներում, համապատասխանաբար 1,4 և 3,6 տոկոսներով:

Միության նախագահը վարչապետին է ներկայացրել փոքր և միջին բիզնեսի զարգացմանն ուղղված իրենց մի քանի նախագծեր: Մասնավորապես, առաջարկվել է ներդրումային ծրագրերի շրջանակում 300 մլն դրամ և ավելի արժեքով ներմուծվող ապրանքների ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը մինչև երեք տարով հետաձգելու արտոնությունը տարածել նմանատիպ բոլոր ծրագրերի վրա՝ անկախ ներմուծվող ապրանքների ծավալից: Նշվել է, որ դա կնպաստի ՓՄՁ-ների սուբյեկտների կողմից սարքավորումների ներկրմանը և տեղական արտադրության զարգացմանը:

Առաջարկվել է արդյունաբերության զարգացման ուղղությամբ 2013 թվականի բյուջեում Կառավարության կողմից 300 մլն դրամ հատկացված գումարի շրջանակներում ստեղծել հիմնադրամ, որտեղ իրենց միջոցները կկենտրոնացնեն նաև հայրենական ապրանք արտադրողները, ինչը կծառայի պետություն-մասնավոր գործընկերության գործառույթների հետագա զարգացմանը:

Առաջարկվել է նաև մինչև 58,350 մլն դրամի տարեկան շրջանառության սահմաններում գործող ՓՄՁ-ների գործունեությունն առավել արդյունավետ ու դյուրին դարձնելու նպատակով սահմանել շրջանառության կամ պարզեցված հարկ՝ 3-3,5 տոկոսի սահմաններում, ինչն ըստ Սաֆարյանի, կձերբազատի վերջիններիս ծախսերի հիմնավորման խնդիրներից և ավելորդ քաշքշուկներից:

Ի պատասխան՝ Տիգրան Սարգսյանը տեղեկացրել է, որ ներկայացված բոլոր առաջարկությունները գտնվում են գործադիրի քննարկման օրակարգում, որոնց վերաբերյալ ներկայում կատարվում են ուսումնասիրություններ: Վարչապետի խոսքով՝ ՓՄՁ-ների զարգացումը գտնվում է Կառավարության ուշադրության կենտրոնում և նմանատիպ ռեժիմների սահմանումը կնպաստի վերջիններիս գործունեության ընդլայնմանը: