Գասպարին հաղթեց Սամվել Ալեքսանյանին
ԱԺ-ի ՀՀԿ խմբակցության անդամ, անկուսակցական Սամվել Ալեքսանյանը խախտել է էթիկայի կանոնները:
ԱԺ-ի Էթիկայի հանձնաժողովը քիչ առաջ հրապարակել է որոշումը՝ քննելով ՀԱԿ անդամ Վարդգես Գասպարի բողոքը ՝ ԱԺ շենքի մոտ տեղի ունենած միջադեպի առնչությամբ։ Պատգամավորը խլել էր Գասպարիի պաստառը, իսկ նրա թիկնապահը՝ գետին տապալել։
Հանձնաժողովի 6 անդամներից քվեարկությանը այսօր ներկա էին 5-ը: Նրանցից 4-ը քվեարկել են որոշմանը կողմ, իսկ մեկը՝ ձեռնպահ:
Հանձնաժողովի ամբողջական որոշումը կհրապարակվի ԱԺ-ի առաջիկա լիագումար նիստում:
Վարդգես Գասպարիի դիմումը
Հայտնում եմ
Ս/թ հունիսի 21-ին՝ ժամը 09:35-ի սահմաններում ,ՀՀ ԱԺ մուտքի մոտ (Դեմիրճյան փողոց) կանգնել էի՝ իմ ձեռքին ունենալով «Ռ. Հայրապետյան՝ Նեմեց, մարդասպան» կարգախոսը:
Մինչ ժամը 10:00-ն որևէ միջադեպ տեղի չէր ունեցել՝ մինչև ԱԺ եկավ պատգամավոր Ս. Ալեքսանյանը: Նա մոտեցավ իմ ձեռքից հափշտակեց իմ պաստառը, եւ այն տարավ հանձնեց մոտ 20 մետր հեռու կանգնած խմբված անձանց (երևի հանցագործության հետքերը տեղում չթողնելու համար): Միեւնույն ժամանակ ինձ մոտեցավ հիշատակված ջահելներից մեկը և փորձեց ինձ հետ ընդհարվել, քաշքշուկ ստեղծել: Դրա համար սկսեց ինձ դիմահար հրել դեպի հետ եւ շարունակեց հրել այնքան մինչ ինձ տապալեց գետնին:
Նշում եմ, որ ես ինչպես պատգամավոր Ալեքսանյանի, այնպես էլ նրան ընկերակցողի սադրիչ, խուլիգանական եւ բռնի գործողություններին բնավ չհակադրեցի:
Ի դեպ կատարվածը ֆիքսել են որոշ լրատվամիջոցներ, մասնավորապես Ա1+ լրատվամիջոցը
http://www.a1plus.am/am/politics/2012/06/21/gaspari
Սույն գրությամբ դիմում եմ ՀՀ ԱԺ Էթիկայի հանձնաժողով, քանի որ գտնում եմ պատգամավոր Ս. Ալեքսանյանի կողմից խախտվել են ՀՀ ԱԺ Կանոնակարգ օրենքի 6.1 հոդվածի երկրորդ կետի Պատգամավորի էթիկայի կանոների հետեւյալ կետերը.
ա) հարգել օրենքը եւ ենթարկվել օրենքին.
բ) հարգել հանրության բարոյական նորմերը.
զ) իր գործունեությամբ նպաստել Ազգային ժողովի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը.
է) ամենուր եւ ցանկացած գործունեությամբ զբաղվելիս դրսեւորել պատգամավորին վայել վարքագիծ.
Վերոհիշյալ Էթիկայի խախտումները դրսեւորվել են
ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված իմ մի շարք իրավունքների ոտնահարմամբ, մասնավորապես`
Հոդված 29. Յուրաքանչյուր ոք ունի խաղաղ, առանց զենքի հավաքներ անցկացնելու իրավունք:
Հոդված 27. Յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք: Արգելվում է մարդուն հարկադրել հրաժարվելու իր կարծիքից կամ փոխելու այն:
Յուրաքանչյուր ոք ունի խոսքի ազատության իրավունք, ներառյալ՝ տեղեկություններ եւ գաղափարներ փնտրելու, ստանալու, տարածելու ազատությունը, տեղեկատվության ցանկացած միջոցով՝ անկախ պետական սահմաններից:
Հոդված 3. Մարդը, նրա արժանապատվությունը, հիմնական իրավունքները եւ ազատությունները բարձրագույն արժեքներ են:
Պետությունն ապահովում է մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքների եւ ազատությունների պաշտպանությունը՝ միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին համապատասխան:
Պետությունը սահմանափակված է մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքներով եւ ազատություններով՝ որպես անմիջականորեն գործող իրավունք:
Հոդված 14. Մարդու արժանապատվությունը՝ որպես նրա իրավունքների ու ազատությունների անքակտելի հիմք, հարգվում եւ պաշտպանվում է պետության կողմից:
Ակնհայտ է, որ վերոհիշյալ իրավունքների ոտնահարումը եւ ընդհանրապես Ս. Ալեքսանյանի խուլիգանական պահվածքը հարիր չէ ՀՀ ԱԺ Պատգամավորին, ուստի եւ դիմում եմ ՀՀ ԱԺ Էտիկայի հանձնաժողովին խնդրելով քննել Ս. Ալեքսանյանի վարքագիծը Էտիկայի հանձնաժողովում եւ կայացնել համապատասխան որոշում:
Դիմող՝ Վարդգես Գասպարի
16 սեպտեմբերի 2012թ.