Կրկին հյուր էին եկել կառավարություն
Բուզանդ, Լալայանց, Արամի փողոցների, Հյուսիսային պողոտայի և կենտրոնի այլ հատվածների նախկին բնակիչներն այսօր Կառավարության շենքի առջև էին։ Նրանք գրեթե 10 տարի սպասում են փոխհատուցման` իրենց քանդված բնակարանների դիմաց: Բնակիչները ԱԺ բոլոր խմբակցություններին, ինչպես նաև Տարոն Մարգարյանին նամակներ են գրել, որոնցից արդեն 40 օր է՝ ոչ մի պատասխան չեն ստացել։
«Նամակում պահանջում ենք ստեղծել անկախ մասնագետների խումբ, և անհապաղ վերականգնել մարդկանց սեփականության իրավունքները»,- այսօր «Ա1+»-ին ասաց «Սեփականության իրավունքի պաշտպանություն» ՀԿ նախագահ Վաչագան Հակոբյանը։
Այս բնակիչների քանդված բնակարանների տեղում արդեն կանգնած են նորակառույց բազմահարկ շենքերը, իսկ շատ ընտանիքներ կամ բնակարանի տեսքով փոխհատուցում չեն ստացել, կամ իրենց բնակարանների դիմաց ստացել են չնչին գումարներ՝ 1 ք/մ-ի համար ստացել են ընդհամենը 220 դոլար։
«35 ընտանիք կա, որ փոխհատուցուն չեն ստացել»,- ասաց պարոն Հակոբյանը։ Մ
2004 թվականների փետրվարի 15-ին Լալայանց 30 հասցեի բնակչուհի Մարիամ Գիշյանին իր երեխաների հետ դուրս են հանել իր բնակարանից, քանի որ իրենց բնակարանն ընդգրկված է եղել քանդման գոտում։ Մինչ օրս տիկին Մարիամը բնակարան չունի։
«Ոչ մի բան ինչ չեն տվել՝ ո՛չ փոխհատուցում, ո՛չ օգնություն։ Իմ տունը 140ք/մ է եղել՝ 6 սենյականոց բնակարան էր»,- ասաց Մարիամ Գիշյանը։ Այսօր նա Կառավարությունից պահանջում է իրենց 6 սենյականոց բնակարան տրամադրեն նույն տեղում, որտեղ եղել է նախկին տունը։
«Պահանջում եմ նաև իմ 9 տարվա տույժը, որը կազմում է մոտ 80 հազար դոլար»,- ասաց տիկին Մարիամը։