Կմշակեն մինչեւ նոյեմբերի 30-ը
ՀՀ առողջապահության նախարարին կից կոլեգիայի հերթական նիստում քննարկվեց Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված «Առողջապահության ոլորտում պետական վերահսկողության և դեղորայքային քաղաքականության հիմնախնդիրների լուծման ծրագիրը և ծրագրի կատարումն ապահովող միջոցառումների ցանկը»։
«Հայաստանի Հանրապետության նախագահի կողմից տրված հանձնարարություններից բխող այս ծրագիրը երկու շաբաթ առաջ հաստատվել է ՀՀ կառավարության կողմից։ Առաջիկա 6-7 ամիսների ընթացքում այն մեր աշխատանքի ուղեցույցն է լինելու»,- ասել է Դերենիկ Դումանյանը։
Նշվել է, որ մինչև նոյեմբերի 30-ը կմշակվեն և ՀՀ առողջապահության նախարարի հրամանով կհաստատվեն բուժման սխեմաներ այն հիվանդությունների համար, որոնց առկայության դեպքում ամբուլատոր-պոլիկլինիկական, դիսպանսերային և հիվանդանոցային բժշկական հաստատությունների միջոցով դեղերը հիվանդներին տրվում են անվճար:
Դեղերի ֆիզիկական և տնտեսական մատչելության ապահովման նպատակով կդյուրացվի դեղերի պետական գրանցման կարգը, կներդրվի դրանց վերագրանցման պարզեցված մեխանիզմ։
ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը հավելեց, որ մինչ առողջապահական տեսչությունը կսկսի իր աշխատանքները, նախարարությունը ողջ հանրապետությունում լուրջ ուսումնասիրություններ է իրականացնում բոլոր ոլորտներում։
«Այսօր կարևոր ծրագրի իրականացման սկիզբն է դրվում։ Խնդիրներ կան, որոնց շատ արագ լուծումներ կտրվեն։ Խնդիրներ էլ կան, որոնք տարիների ընթացքում կկարգավորվեն։ Մենք ժամանակ չունենք և համատեղ ուժերով պիտի լծվենք համակարգի առջև ծառացած խնդիրները լուծելուն։ Կոլեգիայի այս նիստին մասնակցում են նաև մարզպետարանների առողջապահության բաժինների պետերը և Երևանի քաղաքապետարանի նորանշանակ վարչության պետը։ Նրանք տեղերում կներկայացնեն մեր այս ծրագիրը։ Երևանը մեր ամենաշատ բուժհաստատություններով համալրված կենտրոնն է, և բարեփոխումների շունչն ամենաշատ մայրաքաղաքում պիտի զգացվի»,- ամփոփելով քննարկումն ասաց Դերենիկ Դումանյանը։
Կոլեգիան հավանության արժանացրեց ներկայացված ծրագիրը և հանձնարարեց կազմել հստակ ժամանակացույց ու պատասխանատուներ` այն անշեղորեն կյանքի կոչելու համար։