Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կաթողիկոսը խոսում է բարեփոխումներից

Պաշտոնական
4b16120c9d12b4514b254cd910388535

Նոյեմբերի 1-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, բարձր նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, սկսվեց Թեմական ներկայացուցչական չորրորդ ժողովը, որին մասնակցում են Երուսաղեմի և Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքությունների ներկայացուցիչներ, Ամենայն Հայոց Կաթողիկոսության Հայաստանի և Սփյուռքի երեսուներկու թեմերի առաջնորդներ, Գերագույն Հոգևոր Խորհրդի անդամներ և Հայրապետական պատվիրակությունների ու թեմերի աշխարհական ներկայացուցիչներ: Յոթանասուն մասնակիցներ երեք օրերի ընթացքում կքննարկեն եկեղեցական և ազգային կյանքին վերաբերող զանազան խնդիրներ:

«Իրողություն է, որ եկեղեցական և ազգային մեր կյանքն այսօր ի սփյուռս աշխարհի դարձել է առավել փոխշաղկապված, քան տասը կամ նույնիսկ հինգ տարի առաջ էր: Ազատ և անկախ մեր պետականության պայմաններում շարունակ զորանում են Հայրենիք և Սփյուռք կապերը, արդյունավորվում համատեղ ծրագրերն ու միջոցառումները, ինչը նաև ենթադրում է, որ առավել դյուրին պիտի լինեն մեզ հուզող հարցերի և մեր առջև կանգնած հրամայականների կարգավորումները», - ասաց Վեհափառ Հայրապետը:

Անդրադառնալով եկեղեցական կյանքում նշմարելի բարեփոխումներին ու դրական տեղաշարժերին` Ամենայն Հայոց Հայրապետն ընդգծեց, որ հարկ է բարեպատեհ ժամանակը ծառայեցնել իր նպատակին:

«Ժամանակն է, որ մեր եկեղեցական կյանքը մի նոր որակ ձեռք բերի` խարսխված եկեղեցական-կանոնական հիմքերի վրա, առաջնորդվելով կառուցվածքային և կազմակերպական հստակ մոտեցումներով ու դրույթներով: ժամանակն է իրականացնել կանոնական, ծիսական և վարչական բարեկարգությունները, որոշակիացնել և բանաձևել մեր օրերում բարձրացող հարցադրումների վերաբերյալ Հայ Եկեղեցու դիրքորոշումները, որպեսզի առավել արդյունավետ լինի մեր Եկեղեցու առաքելությունը և շարունակ աճող ու զարգացող` հավատավոր մեր զավակների հոգևոր կյանքը:

Եկեղեցական և ազգային մեր կյանքի դրական զարգացումների ու ձեռքբերումների կողքին վճիռներ պահանջող շատ հրամայականներ ու մարտահրավերներ ունենք: Հայրենիքում և Սփյուռքի որոշ թեմերում լիովին կազմակերպված չեն ծխական համայնքները:

Շատ համայնքներ, հատկապես եվրոպական երկրներում, որոնք առաջացել են մեր ժողովրդի տեղաշարժերի արդյունքում, չունեն կանոնադրություն, մնայուն քահանաներ, աղոթատեղիներ: Հայրենիքում նույնպես աղոթատեղիներ և մնայուն քահանաներ չունեն քաղաքային և գյուղական բազմաթիվ համայնքներ, իսկ մեծ թվով վանքեր ու սրբատեղիներ կարիք ունեն հիմնանորոգման: Այցելու հոգևորականի սպասավորությունը, որքան և ջանք ներդրվի, չի ապահովում ցանկալի արդյունք: Սփյուռքի համայնքներում շարունակում են օրախնդիր մնալ ազգային ինքնության, հայոց լեզվի ու հայկական դպրոցների պահպանության հրամայականները: Խնդիր ունենք երիտասարդությանը ավելիով ներգրավելու եկեղեցական ու ազգային կյանքի մեջ: Այսօր համընդհանուր աշխարհիկացման պայմաններում նահանջում է հոգևորի կարևորության գիտակցումը, բազում հավատացյալներ կապված են մնում եկեղեցուն ավելի ավանդույթի ուժով, քան` կրոնական խորը ապրումով ու գիտակցումով: Հայաստանում և Արցախում Ժողովուրդը ապրում է շարունակվող շրջափակման և պատերազմի վերսկսման վտանգի պայմաններում` դիմակայելով տնտեսական և սոցիալական լուրջ դժվարությունների, ինչպիսիք են աղքատությունը, գործազրկությունը, արդյունքում և` արտագաղթը: Օգտվելով ժողովրդի նեղյալ վիճակից, հոգեորսություն են իրականացնում աղանդավորական կազմակերպությունները», - նշեց Նորին Սրբությունը` շեշտելով, որ այս մարտահրավերներին պատասխաններ որոնելու նպատակին է կոչված Թեմական ներկայացուցչական ժողովը:
Իր խոսքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը հրատապ նկատեց սիրիահայությանն օգնելու հարցը:

Ժողովի օրակարգային հարցերից է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումների կազմակերպումը:


Խոսելով Եկեղեցու Սահմանադրության մշակման աշխատանքների և, ի մասնավորի, 2009 թ. թեմական ներկայացուցչական ժողովին ընդունված թեմական կանոնադրության ուղենիշի գործադրության մասին` Նորին Սրբությունը նշեց, որ թեմական տիպային կանոնադրության ուղենիշը թեմական ներկայացուցչական ժողովի կողմից մշակվել և թեմերին գործադրության է հրահանգվել եկեղեցական մեր կյանքը կանոնական հիմքերով կառուցելու, միասնական սկզբունքներով առավել ամուր կազմակերպելու, մեր սրբազան ավանդությամբ մեր Եկեղեցին զորացնելու նպատակով: Գարեգին Բ Հայրապետն անհրաժեշտ նկատեց նաև ձեռնամուխ լինել Սահմանադրության մյուս, ի մասնավորի` Ազգային եկեղեցական ժողովի, Գերագույն հոգևոր խորհրդի, Եպիսկոպոսաց ժողովի և Թեմական ներկայացուցչական ժողովի գլուխների մշակմանը, որպեսզի առանձին բաժինների մշակումով ամբողջանա Եկեղեցու Սահմանադրությունը:
Վեհափառ Հայրապետի խոսքում անդրադարձ եղավ նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ու Հայ Եկեղեցու Նվիրապետական Աթոռների և աշխարհասփյուռ թեմերի անխոչընդոտ և անկաշկանդ առնչություններին, ինչպես նաև Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության հետ գործակցային հարաբերություններին:

Այս մասին հայտնում է Մայր Աթոռի տեղեկատվական գրասենյակը։