Տղամարդիկ եւ կանայք
«Կանայք տեղական ժողովրդավարական գործընթացներում» խորագրի ներքո այսօր Ծաղկաձորում՝ Գրողների միության հանգստյան տանը կազմակերպված սեմինարի ընթացքում ներկայացվեցին կանանց հիմնահարցերը և գենդերային հավասարության հետ կապված խնդիրները: «Ֆեմինիստական շարժումը, ինչպես ողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում նոր արժեքներ է ձևավորում»,-նշեց Աշխատանքի և Սոցիալական հարցերի նախարարության կանանց հիմնահարցերի բաժնի պետ Արմինե Թանաշյանը:
Ֆեմինիստական շարժումը սկիզբ է առել 18-րդ դարում: Հայաստանում ձայնի իրավունք կանայք ստացել են 1918թ.:
Անդրադառնալով կնոջ և տղամարդու հավասարությանը, տիկին Թանաշյանն ընդգծեց, որ դրանք այսօր ավելի շատ սոցիալական տեսանկյունից են դիտարկվում.
«Սոցիալական խնդիրները շատ լայն են և գրեթե ծածկում են կյանքի շատ-շատ ոլորտներ: Խնդիրը ոչ թե կանանց և տղամարդկանց հավասարության մեջ է, այլ իրավահավասարության, ինչպես նաև հնարավորությունների հավասարության: Ցանկացած ոլորտում ունենք դե յուրե իրավունքներ, ցանկացած իրավունք իր մեջ խորշեր է պարունակում՝ թեկուզ քաղաքականության մեջ»:
Արմինե Թանաշյանը կարևորեց նաև այն հանգամանքը, որ կինը պետք է լայնորեն ընդգրկված լինի տեղական ինքնակառավարման մարմիններում՝ հիշեցնելով, որ մեր օրենսդրությունը չեզոք է գենդերային տարբերակաման առումով:
Ի դեպ, այսօր տղամարդկանց միջազգային օրն է: