Տուժող բժիշկը պատասխանում էր հարցերին (տեսանյութ)
Արդյո՞ք «Հարսնաքարում» տեղի ունեցած ծեծկռտուքի ժամանակ զինվորական բժիշկ, տուժող Արտակ Բայադյանը տեսել է, թե ովքեր են եղել իրենց հարվածողները։
«Ես կոնկրետ չեմ կարող ասել, թե ով, ում, որտեղ ձեռքով խփեց, թե ոտքով խփեց կամ քանի անգամ խփեց»,- այսօր դատական նիստի ժամանակ այաս Արտակ Բայադյանը։
Ամբաստանյալներից Նորայր Հայրապետյանի փաստաբան Երեմ Սարգսյանը ասում է՝ թեև տուժողը փաստերն ավելի մանրամասն է ներկայացնում, քան նախաքննության ժամանակ, սակայն նրա պատասխաններն այդքան էլ հստակ չեն։
«Ես կցանկանայի, որ նա մանրամասներ ամբաստանյալներից յուրաքանչյուրի արարքը, որովհետև այդպես հնարավոր չէ, որ բոլորը հարվածում էին»,- «Ա1+»-ին ասաց Երեմ Սարգսյանը։
Ամբաստանյալների փաստաբաններին հետաքրքրում էին ծեծկռտուքի բոլոր մանրամասները՝ թե «Հարսնաքար» գալիս ովքեր են եղել Վահե Ավետյանի հետ նույն ավտոմեքենայի մեջ, թե երբ է մատուցողը մոտեցել Ավետյանին, ինչպես է սկսվել վիճաբանությունը, որքան է այն տևել, ովքեր են առաջինը ռեստորանից դուրս եկել, մատուցողն ինչպես է դիմել Վահե Ավետյանին, ինչպես նաև արդյոք «Հարսնաքար» գալուց առաջ զինվորական բժիշկները ոգելից խմիչք օգտագործել են, թե ոչ։
«Ես, ինչպես նաև Արկադին 3-4 բաժակ ենք խմել, իսկ Վահե Ավետյանը 1 կամ 2 բաժակ»,- ասաց տուժողը։
Ավան և Նոր Նորք ընդհանուր իրավասությունների դատարանում դատական այս նիստին զուգահեռ լսվում էր մեկ այլ գործ, որի պատճառը «Հարսնաքարում» տեղի ունեցած միջադեպն է։
«Վահե Ավետյան» հասարակական շարժման անդամ Հրանուշ Խառատյանը ռեստորանային համալիրի սեփականատեր Ռուբեն Հայրապետյանից պահանջում է ներողություն խնդրել «Նյուվել դե Արմենի» ամսագրին տված հարցազրույցում իրեն վիրավորելու համար։
«Եթե դատարանը ապացուցի, որ Ռուբեն Հայրապետյանն իրավացի է եղել և ես այնպիսի քայլերի եմ դիմել, որ նա կարող է անվանարկել ինձ, ես պատրաստ եմ բարձրաձայն ներողություն խնդրել և պարոն Հայրապետյանի անձը փառաբանող մի օդդա գրել»,- «Ա1+»-ին ասաց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը։
Հայցվեր կողմը դատավարության հենց սկզբում միջնորդություն ներկայացրեց։
«Հարցը պատասխանողի կողմից ներկայացված փաստաբանների իսկությունը ստուգելուն է վերաբերում»,- ասաց Հրանուշ Խառատյանի ներկայացուցիչ Մհեր Արշակյանը։
Ռուբեն Հայրապետյանը ներկա չէր։
«Այստեղ որևէ արտառոց բան չկա։ Շատ դեպքերում հայցվոր կամ պատասխանող կողմը անձամբ չի ներկայանում դատարան»,- մեզ հետ զրույցում ասաց Ռուբեն Հայրապետյանի փաստաբան Կարեն Պետրոսյանը։
Նա, սակայն, չբացառեց նաև նախկին պատգամավորի մասնակցությունը հաջորդ տական նիստին։
Դատարանն ընդունեց հայցվոր կողմի միջնորդությունը։ Դատը հետաձգվեց մինչև նոյեմբերի 22-ը։