Բոտուլիզմի դեպք
ԱԻՆ ամփոփագրից
Նոյեմբերի 6-ին, ժամը 15.15-ից 21.00-ի սահմաններում բոտուլիզմից թունավորման նախանշաններով Շիրակի մարզի Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոց են տեղափոխվել նույն քաղաքի Ա. Խաչատրյան 25 շենքի 16-րդ բնակարանի բնակչուհի, 1982 թ. ծնված Աստղիկ Արմենակյանը, Արափի գյուղի բնակչուհի, 1995 թ. ծնված Ջեմմա Իսահակյանը և Հայկավան գյուղի բնակիչ, 1963 թ. ծնված Հովիկ Քալաշյանը:
Ըստ բժիշկների Հ. Քալաշյանի առողջական վիճակը միջին ծանրության է, Ջ. Իսահակյանը, տեղափոխվել է Գյումրու մանկական հիվահդանոց և առողջական վիճակը բավարար է, իսկ Ա.Արմենակյանը տեղափոխվել է Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոն: Բժիշկների գնահատմամբ' վերջինիս առողջական վիճակը ծայրահեղ ծանր է:
Սպառնացել է հրկիզել բնակարանը
Նոյեմբերի 6-ին, ժամը 16.51-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ա. Խաչատրյան 24 շենքի 23-րդ բնակարանի բնակիչը սպառնում է հրկիզել բնակարանը:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Տեղում պարզվել է, որ 1951 թ. ծնված Վրեժ Սադյանը, գտնվելով հոգեկան անհավասարակշիռ վիճակում, հրդեհել է իր տան պատշգամբը: Հրդեհը մարվել է տեղի ուժերով:
Դույլի մեջ այրվել է ստվարաթղթի թափոն:
Մեքենան գլորվել է ձորը
Նոյեմբերի 6-ին, ժամը 16.51-ին տեղեկություն է ստացվել, որ Գյումրի-Աշոցք ավտոճանապարհի 15-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ:
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի մասից և գլորվել ձորը:
Փրկարարները «ԲՄՎ» մակնիշի 15 ՍԼ 353 պ/հ ավտոմեքենայից դուրս են բերել վարորդ' 1954 թ. ծնված Վաղարշակ Մադոյանին:
Վ. Մադոյանը տեղափոխվել է Աշոցքի «Տիրամայր Նարեկ» հիվանդանոց:
Ըստ բժիշկների' տուժածի առողջական վիճակը բավարար է:
***
Նույն օրը, ժամը 23.01-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 80-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Տեղում պարզվել է, որ «ԴՈՋ» մակնիշի 05 ՏՕ 177 պ/հ ավտոմեքենան (վարորդ' Մարտունի քաղաքի բնակիչ, 1954 թ. ծնված Սամվել Ավագյան) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և գլորվել ձորը' մոտ 250 մ: Վարորդը ընթացքից կարողացել է իրեն դուրս նետել ավտոմեքենայից:
Ս. Ավագյանին տեղում ցուցաբերել են առաջին բուժօգնություն: Այլ տուժածներ չկան:
Դի ջրանցքում
Նոյեմբերի 6-ին, ժամը 17,58-ին տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Արտաշատյան ջրանցքում (Ջրաշեն գյուղի հատված) հայտնաբերվել է տղամարդու դի, որին դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական ջոկատը:
Փրկարարները ջրանցքից դուրս են բերել անձը չպարզված մոտ 45 տարեկան տղամարդու դի: