Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դուրս են բերվել քարոզչական բնույթի նյութերը

Հասարակություն
a1b697b3642f0de0971193324601b500

Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի Հանրային կապերի գրասենյակի հայտարարությունը.

Լոնդոնում նոյեմբերի 5-ին մեկնարկած «World Travel Market» զբոսաշրջային միջազգային ցուցահանդեսին Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մասնակցության վերաբերյալ Ադրբեջանի մշակույթի և զբոսաշրջության նախարարության հայտարարությունը հիվանդ երևակության արգասիք է:

Տեղեկատվության խեղաթյուրմամբ այս հայտարարության համաձայն՝ «համապատասխան միջոցների ձեռնարկմամբ պետք է կասեցվեր մասնակից 7 զբոսաշրջային ընկերություններից Արցախի մասնակցությունը, ինչպես նախորդ անգամները»:

Ցուցահանդեսին ներկայացված են ոչ թե 7, այլ 11 հայկական զբոսաշրջային ընկերություններ, իսկ Արցախի մասնակցության դեմ նախկինում երբեք խոչընդոտ չի եղել՝ չհաշված ադրբեջանական ավանդական վայրահաճությունը և Փարիզում տաղավարի վնասման փաստը, ինչը և արագ վերականգնվեց:

Լոնդոնում՝ հայկական միասնական տաղավարի ներքո, Արցախի Հանրապետությունը շարունակում է բնականոն ներկայացվածությունը ցուցահանդեսին: Ինչպես միշտ, տաղավարը արժանանում է բարձր ուշադրության այցելուների ու մասնակիցների կողմից:

Ավելին, ցուցահանդեսից հայկական պատվիրակության պահանջով դուրս են բերվել ադրբեջանական բոլոր տեսակի հակահայկական քարոզչական բնույթի նյութերը: