Քաղաքապետն իրականացրեց Աշոտի ցանկությունը
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը բնակիչների հետ միասին հանդիսավորությամբ բացել է Արաբկիր վարչական շրջանի Կիևյան 18 հասցեի բարեկարգված բակը: Ֆուտբոլի փոքր խաղադաշտ ունենալու խնդրանքով բակի 5 փոքրիկ բնակիչներն անձամբ էին նամակով դիմել քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Նամակը գրելիս փոքրիկ Աշոտը չէր մոռացել նաև իր փոքրիկ քույրիկի մասին և ֆուտբոլի դաշտից բացի խնդրել էր բակում կառուցել նաև խաղահրապարակ:
«Մենք Աշոտիկի ցանկություններն այսօր իրականացրեցինք, բակում կառուցեցինք և ֆուտբոլի դաշտ և խաղահրապարակ: Աշոտիկից հետո այսօր արդեն քաղաքի բոլոր երեխաներն են այդ ցանկությամբ դիմում և ես՝ որպես Երևանի քաղաքապետ, խոստացել եմ Երևանի բոլոր երեխաներին, որ մայրաքաղաքի բոլոր բակերը բարեկարգելու ենք և հանձնելու ենք իրենց» ,-նշել է Տարոն Մարգարյանը:
Բարեկարգ բակի հանդիսավոր բացման օրը համընկել էր նաև Աշոտի ընկերոջ՝ ութամյա Արթուրի, ծննդյան տարեդարձի հետ: Փոքրիկին քաղաքապետն անձամբ է շնորհավորել ծննդյան օրվա կապակցությամբ:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հրայր Անտոնյանի հետ միասին բարեկարգված բակում նաև եղևնի է տնկել:
Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչությունը։