Տիգրան Սարգսյանին զարմացրին «մանրիներով» (տեսանյութ)
Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին իրականացրեցինք պանրի արտադրությամբ զբաղվող թվով 59 տնտեսվարող սուբյեկտների մոտ տեսչական ստուգումներ: Ստուգումներն իրականացրել ենք ստուգաթերթերի հիման վրա:
Ստուգումների արդյունքում թվով 18 տնտեսվարող սուբյեկտի գործունեությունն արգելվել է` առանձին արտադրության կամ ամբողջ արտադրության կտրվածքով:
Այդ սուբյեկտներն են` անհատ ձեռնարկատեր Կամո Վահանյան, «Անի-Մերի» ՍՊԸ, անհատ ձեռնարկատեր Գարեգին Քոչինյան, Սուսան Ղազարյան, անհատ ձեռնարկատեր Արմեն Սուքիասյան, անհատ ձեռնարկատեր Էդիկ Բոզոյան, «Ամասիայի գլխավոր պանրագործարան» ՍՊԸ, «Վարդանուշ» ՍՊԸ, «Սեդրակ և Տիգրան» ՍՊԸ, «Կալինինո կաթ» ընկերություն, «Դումիկյան Եղբայրներ» ՍՊԸ, «Մաստարաչեդո» ՍՊԸ, «Իգիթ» ՍՊԸ, «ԱՄՄ» ընկերություն, «Կաթնամթերք Վան» ՍՊԸ, «Կյորու» ընկերություն, անհատ ձեռնարկատեր Սամվել Թունյան և անհատ ձեռնարկատեր Սամվել Բալոյան:
Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Աբրամ Բախչագուլյանը կառավարության նիստում ասել է, որ տվյալ տնտեսվարող սուբյեկտների մոտ տեսչական ստուգումների արդյունքում կատարվել են նմուշառումներ, լաբորատոր փորձաքննության արդյունքում հայտնաբերվել են աղիքային ցուպիկի մանրէներ` մեծամասամբ չանախ պանրի արտադրատեսակի հետ կապված: 5.5 տոննա պանիր ոչնչացվել է, և տվյալ ընկերությունները ներկայումս իրականացնում են սանիտարահիգիենիկ պայմանների կատարման աշխատանքներ` ծառայության համապատասխան տեսուչների վերահսկողության ներքո:
Թվով 59 տնտեսվարող սուբյեկտները ենթարկվել են վարչական պատասխանատվության, կիրառվել է տուգանք. ընդհանուր գումարը կազմել է 10 մլն 450 հազար դրամ:
Վարչապետը հետաքրքրվել է՝ «այդ մանրիկները ի՞նչ վտանգ են ներկայացնում առողջության համար»։ Ստանալով պատասխան, թե դրանք վնաս են հասցնում մարսողական համակարգին՝ Տիգրան Սարգսյանը չի կարողացել զսպել իրեն.
«Եվ դրա համար էլ մեր քաղաքացիները վճարում են, և այդ պանիրն օգտագործելուց հետո իրենց մոտ առաջանում են հիվանդություններ: Առաջին հերթին մենք պետք է հրապարակային դարձնենք այս արտադրողների, ձեռնարկությունների, պանրի տեսակի անունները, որպեսզի մեր քաղաքացիները չօգտվեն դրանցից, եթե վաճառքում հանդիպեն նման ապրանքատեսակներ, ապա հրաժարվեն դրանցից»։