Գավաթակիրը կմրցի «Արարատի» հետ
Հայաստանի ֆուտբոլի գավաթի 2012-13 թթ խաղարկությանը կմասնակցեն 9 թիմ:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում կայացավ վիճակահանության արդյունքներով այս տարվա գավաթակիր Գյումրիի «Շիրակը» իր տիտղոսի պաշտպանությունը կսկսի Երեւանի «Արարատի» հետ մրցավեճով: Այս զույգի հաղթողը կիսաեզրափակիչ փուլում մրցելու է «Ուլիս» - «Միկա» հանդիպման հաղթողի հետ:
Քառորդ եզրափակիչ մյուս զույգը կազմել են «Փյունիկն» ու «Իմպուլսը», իսկ ահա «Գանձասարի» մրցակիցը հայտնի կդառնա այս տարի կայանալիք 1/8 եզրափակիչի միակ խաղում, որում կհանդիպեն բարձրագույն խմբի ետնապահ Երեւանի «Բանանցը» եւ առաջին խմբի առաջատար Մարտունիի «Ալաշկերտը», որն իր հանդիպումները անցկացնում է ոչ թե Գեղարքունիքի մարզում, այլ ... Երեւանում:
Խաղարկության առաջին խաղերը կկայանան նոյեմբերի 14-ին եւ 28-ին: Քառորդ եզրափակիչ հանդիպումները նախատեսված են անցկացնել 2013 թվականի մարտի 2-3-ին եւ 12-13-ին, իսկ կիեսաեզրափակիչները` ապրիլի 2-3-ին եւ 16-17-ին: Եզրափակիչ խաղը տեղի կունենա մայիսի 8-ին: