Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քաղաքապետարանն էլ է պատրաստ աջակցել

Պաշտոնական
49c541c76ce56a8ee8118c9ff8ef115b

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռայներ Մորելի հետ։ Շնորհավորելով նորանշանակ դեսպանին դիվանագիտական առաքելությունը ստանձնելու կապակցությամբ՝ Տարոն Մարգարյանը բարձր է գնահատել հայ-գերմանական հարաբերությունները և կարևորել երկու երկրների դեսպանությունների դերը այս հարցում։

« «Քաղաքային զարգացման համագործակցություն» ծրագրի շրջանակում Երևանի քաղաքապետարանը համագործակցում է Գերմանիայի Համբուրգ և Հալլե Զալլե քաղաքների հետ։ Կարծում եմ՝ փոխգործակցության հեռանկարներ կան ինչպես համայնքային զարգացման, այնպես էլ կրթամշակութային, փորձի փոխանակման և շատ այլ ոլորտներում։ Ակնկալում ենք նաև Ձեր գործուն աջակցությունը՝ առկա համագործակցությունը գործնական հիմքերի վրա դնելու և ավելի ամրապնդելու հարցում»,- նշել է Երևանի քաղաքապետը։

Դեսպան Ռայներ Մորելը ևս ցանկություն է հայտնել համագործակցությունը տեսնել ավելի ընդգրկուն։
«Գերմանիայի և Հայաստանի միջև երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակը խոստումնալից է և բազմակողմ ոլորտներ է ներառում: Քաղաքների միջև գործընկերությունը շատ արդյունավետ ձևաչափ է»,- նշել է Ռայներ Մորելը։

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը ընդգծել է, որ Երևանի քաղաքապետարանը իր լիազորությունների շրջանակում պատրաստ է աջակցել և ընդառաջել բոլոր այն ծրագրերին, որոնք կնպաստեն Երևանի և Գերմանիայի քաղաքների միջև երկկողմ կապերի ընդլայնմանը։

Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչությունը։